Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա
PoliticsՀայաստանի գործող իշխանություններն անգամ իրենց ակնհայտ ձախողումները փորձում են կապել ընդդիմության հետ, ընդդիմությանը մեղադրել իբր երկրի դեմ աշխատելու մեջ։ Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ռուսական «Վայլդբերիս» և «Օզոն» առևտրի հարթակները հազարավոր հայկական ընկերությունների էջեր են հեռացրել՝ հրաժարվելով հայկական ընկերությունների ապրանքները վաճառել Ռուսաստանում։
Քաղաքական ճնշման պահը ամենևին հերքել հնարավոր չէ, քանի որ մինչ այս պահը որևէ հստակ բացատրություն այս քայլին չկա, բայց և ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում փաշինյանական իշխանության ձախողումների հետևանքով։ Ռուսական ընկերություններից մեկը հայտարարություն է տարածել, որ խնդիրը կապված է Ռուսաստանում ներմուծումների և մաքսատուրքերի նոր կանոնների հետ։ Փոխանակ խնդիրը ռուս գործընկերների հետ լուծելու՝ Հայաստանի գործող իշխանությունները ընդդիմությանն են մեղադրում։
Էկոնոմիկայի տխրահռչակ նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե «Վայլդբերիսի» հետ կապված վերջին իրադարձությունների հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ։ «Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ 2 ուժերին սատարող ռևանշիստները (տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել)։
Այս հարցն էլ ենք լուծելու։ Դուք այս օրվան հասաք ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոս գրելով, մենք շուտով կլուծենք հարցը։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում սուտ մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն», - գրել է նա։
Թե որ ուժերն են, բնականաբար, Պապոյանը չի հայտնում, քանի որ որևէ փաստարկ չունի, փոխարենը փորձում է ակնարկներ անել ընդդիմության դեմ՝ հանրությանը իբր տրամադրելով ընդդիմության նկատմամբ, մինչդեռ փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը լրջորեն վտանգում է ոչ միայն Հայաստանի արտաքին և ներքին իրավիճակը, այլև Հայաստանի տնտեսական դրությունը։
Աննա Մարգարյան