Թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի. Ա. Չալաբյան
Politics«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ստեփանակերտի Աստվածածնի Հովանու մայր տաճարը քաղաքի հպարտությունն էր, նրա քրիստոնեական հավատի և ազգային վերազարթոնքի խորհրդանիշը: Այն քաղաքի ուժի կենտրոնն էր, կառուցված էր Սուրբ Զվարթնոցի նմանությամբ և հայոց ավանդական բերդերի ամրությամբ:
Պատահական չէ, որ քաղաքը զավթած թշնամական հրոսակների համար այն աչքի փուշ էր, նրա հայ և քրիստոնեական էության մասին ամեն օր հիշեցնող կենդանի վկայություն: Վերջին օրերին նրանք ավերել են այս հոյակերտ տաճարը, որի կառուցման մեջ հազարավոր հայ մարդկանց տաղանդ ու ջանք էր դրվել, որի պատերի մեջ տասնյակ հազարավոր հայ մարդիկ էին աղոթել, հազարները մկրտվել և պսակադրվել: Ավերելով այն, թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի:
Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում: Հատուցում, որպեսզի սա շարունակ չկրկնվի մեզ հետ, որպեսզի մեզնից չխլեն ամենաթանկը՝ մեր հույսն ու հավատը: Այդ հատուցումը գալու է, և այն կգա, եթե մենք գիտակցենք, թե մեզ բոլորիս իրականում ինչ է սպառնում, եթե մենք չթոթափենք մեր վախերը, ազատվենք մեր մեջ սողոսկած թշնամու հլու կամակատարներից, համախմբվենք, ու նորից գործենք որպես միասնական ազգ: