Թուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումը
InternationalԹուրքիայի օրենսդիրները մշակել են օրինագիծ, որով նախատեսվում է մինչև 2040 թվականը լիովին արգելել ծխախոտի, ցանկացած ծխախոտային արտադրանքի և ծխելու համար նախատեսված պարագաների վաճառքը։ Ինչպես հայտնում է «Hürriyet» թերթը, նախագիծը պատրաստել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, և այն համահունչ է հանրապետության եվրաինտեգրման նպատակներին։
Օրինագծի հաստատման դեպքում նոր սահմանափակումներն ուղղակիորեն կազդեն Թուրքիայում ծխախոտ սպառող շուրջ 19 միլիոն մարդու վրա։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2040 թվականի հունվարի 1-ից և դրանից հետո ծխախոտային արտադրանքի արտադրողները, ներմուծողներն ու վաճառողները կտուգանվեն 1-ից մինչև 5 միլիոն թուրքական լիրայի չափով (20-110 հազար դոլար)։ Զգալի տուգանքներ կկիրառվեն նաև այն անձանց նկատմամբ, ովքեր ձեռք կբերեն կամ կունենան ծխախոտային արտադրանք կամ ծխելու համար նախատեսված սարքեր։
Պատրաստված նախագծում թարմացվում է նաև ծխախոտային արտադրանքի սահմանումը։ Այս ցանկում կներառվեն ոչ միայն ավանդական սիգարետները, այլև էլեկտրոնային սիգարետները, ծխախոտի տաքացման սարքերը, օրգանական կամ սինթետիկ նիկոտին պարունակող բոլոր համակարգերը, ինչպես նաև սիգարետը նմանակող արտադրանքը (նույնիսկ եթե այն նիկոտին չի պարունակում)։
Համապատասխան օրենքի ընդունման դեպքում 2040 թվականի լիակատար արգելքին ուղղված կարգավորումներն ու նախապատրաստական աշխատանքները կիրականացվեն փուլ առ փուլ։ Կընդլայնվի հանրային վայրերում ծխելու արգելքի շրջանակը, իսկ ծխախոտի վաճառքը հնարավոր կլինի միայն անկանխիկ եղանակով։