«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ
SocitySHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել Ղազախստանի քաղաքացի 40-ամյա Ալեքսանդրա Պ․-ն և հայտնել, որ նույն օրը Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գտնվող «Շառլոտ» գիշերային ակումբի տնօրենը իրեն առաջարկել է 150 հազար ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալեքսանդրա Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հրաժարվել է, ինչի արդյունքում տնօրենը իրեն հեռացրել է աշխատանքից՝ չվճարելով այս տարվա փետրվարի 10-ից մինչ մարտի 30-ը աշխատած 320 հազար ՀՀ դրամ գումարը։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։