Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել գագաթաժողովում քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ
SocityՖրանսիան անհրաժեշտ է համարում, որ Եվրամիությունն իր առաջիկա գագաթաժողովում գործողություններ ձեռնարկի Թուրքիայի դեմ: Այս մասին հայտարարել է Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար-պատվիրակ Ֆրենկ Ռիեստերը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ), ինչպես նաեւ Le Figaro թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքը: Անհրաժեշտ է, որ նրա գործողություններին ԵՄ հաջորդ գագաթնաժողովում եվրոպական պատասխան տրվի»,- ասել է Ռիեստերը Le Figaro-ին: Ազգային ժողովում իր ելույթում նա ընդգծել է, որ գագաթաժողովը «պետք է կայացնի այնպիսի որոշումներ, որոնք նրան թույլ կտան ամրապնդել ուժերի հավասարակշռությունը Թուրքիայի հետ` հետագայում իր շահերն ու եվրոպական արժեքները ավելի լավ պաշտպանելու համար»:
Ռիեստերը խորհրդարանի ստորին պալատում իր ելույթի ժամանակ նշել է, որ Էրդողանի ներկայիս գործողությունները «համապատասխանում են իր վարած կուրսին, որն ուղղված է մի շարք հարեւան տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի վերահսկողության ապահովմանը եւ ամրապնդմանը»: «Սա, մասնավորապես, Լիբիա [զենք] մատակարարելու էմբարգոյի խախտման եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործողությունների շարունակությունն է, որտեղ նա օգնում է վարձկաններ ուղարկել Ադրբեջանին աջակցելու: Սա նաեւ Թուրքիայի ռազմավարության շարունակությունն է արեւելյան Միջերկրական ծովում, որտեղ այս երկիրը ձգտում է գազի արդյունահանում իրականացնել Կիպրոսի եւ Հունաստանի բացառիկ տնտեսական գոտիներում»,- ասել է նա: «Թուրքիայի կուրսի հետ ուղղակիորեն կապված է նաեւ այն փաստը, որ նա չի դատապարտել Կոնֆլան-Սենտ-Օնորինում տեղի ունեցած ահաբեկչությունը»,- ընդգծել է նախարար-պատվիրակը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 24-ին ասել էր, թե Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման կարիք ունի»: Այսպես Թուրքիայի ղեկավարը արձագանքել էր Ֆրանսիայի նախագահի հայտարարություններին՝ կապված Փարիզի Կոնֆլան-Սենտ-Օնորին արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որտեղ հոկտեմբերի 16-ին 18-ամյա իսլամիստը կրոնական ատելության հիմքով սպանել էր դպրոցի ուսուցչին: Դեպքից հետո Մակրոնը նախազգուշացրել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները «ակտիվ պայքար կսկսեն արմատական գաղափարախոսության կրողների ու նրանց ստեղծած ասոցիացիաների դեմ»: Ավելի ուշ Էրդողանը կոչ էր արել իր քաղաքացիներին բոյկոտել ֆրանսիական ապրանքները: