Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։ Դաշինքը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»:
Հուշագրի ստորագրումից հետո կային քննարկումներ, թե «Միավորված հայեր» կուսակցությունը նոր չէ, վաղուց է ստեղծվել, այնինչ Նարեկ Կարապետյանը խոսում է նոր, երիտասարդ ուժերի մասին: Մեր ունեցած տեղեկություններով, իրականում պատահական չէ, որ հուշագիրը ստորագրել է Նաիրի Սարգսյանը, որը 2024 թ. սեպտեմբերին ստեղծված «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարն է: Այս նախաձեռնությունը համախմբել է մի քանի կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների: Նշյալ կուսակցություններից մեկն էլ «Միավորված հայեր» կուսակցությունն է, որը ներկայում, մեր տեղեկություններով, վերակազմավորման փուլում է: Սակայն, քանի որ տեխնիկական պատճառներով նախաձեռնության համագումարն ավելի ուշ է տեղի ունենալու, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության որոշումը հստակ կայացված է եղել, նախաձեռնության կազմում եղած կուսակցություններից մեկը, տվյալ դեպքում՝ «Միավորված հայեր» կուսակցությունը լիազորել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարին՝ ստորագրել հուշագիրը:
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում կկայանա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության համագումարը, որտեղ արդեն կհայտարարվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի կազմում ամբողջ նախաձեռնության ներգրավման մասին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում