Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան
PoliticsԵրեկ մենք պարզապես ֆանտաստիկ մի օր անցկացրեցինք Վանաձորում, որտեղ հավաքվել էինք՝ մեկնարկ տալու «ՀայաՔվե»-ի տարածքային գրասենյակին:
Գրասենյակի բացման արարողությունից զատ, մենք շրջայց կատարեցինք քաղաքի կենտրոնական փողոցներում, հանդիպեցինք մի շարք ծանոթ մարդկանց և ծանոթացանք բազմաթիվ նորերի հետ, քայլելով հասանք Գուգարաց թեմի առաջնորդարան, ինչպես նաև հավաքված մի քանի հարյուր ընկերներով և աջակիցներով, երգ ու պարով և անկեղծ ուրախությամբ նշեցինք մեր այս կարևոր տարածքային կառույցի երկար սպասված մեկնարկը:
Օրվա ամփոփումը մեր այցելությունն էր Վանաձորի կերպարվեստի թանգարան, որն իսկական հայտնություն էր՝ ժամանակակից հայ արվեստի իր հրաշալի հավաքածուով, և իրենց գործին նվիրված, բարեհամբույր ու խորագիտակ էքսկուրսավարներով:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն ընկերներին, որոնց շնորհիվ այս օրը դարձավ հիշարժան և իրապես անմոռանալի: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ պայքարի ընկերներ Մենուա Սողոմոնյանին և Արարատ Գևորգյանին, ում հետևողական ջանքերի շնորհիվ Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում: