Թուրքիան որոշել է Արևելյան միջերկրածովյան շրջանում սեյսմիկ հետազոտությունները շարունակել մինչև դեկտեմբեր, երբ ԵՄ առաջնորդները կհայտարարեն Թուրքիայի դեմ միջոցառումների մասին․ Eadaily
SocityԹուրքական Oruç Reis սեյսմահետախուզական նավը Արևելյան միջերկրածովյան շրջանում նավթի և գազի որոնմամբ կշարունակի զբաղվել մինչև դեկտեմբեր, երբ ԵՄ-ն Անկարայի գործողությունների դեմ որոշում կկայացնի, հունական ProtoThema թերթին հղումով գրում է eadaily.com-ը։
Նշվում է, որ Թուրքիան պատրաստվում է հետազոտություններ կատարել հունական Ռոդոսից հարավ և արևելք, Կարպատոսից հարավ-արևելք: ProtoThema պարբերականը հայտնում է, որ նավը նախկինի պես ուղեկցում են Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը։
«Ռազմական շրջանակների գնահատականներով՝ Էրդողանը որոշել է Oruç Reis-ի սեյսմիկ հետազոտությունները շարունակել մինչև դեկտեմբեր, երբ ԵՄ առաջնորդները կհայտարարեն Թուրքիայի դեմ միջոցառումների մասին», - գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը համարվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտին:
Դեպքերի նման զարգացման ֆոնին Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա։
Ուշադրություն հրավիրելով «Թուրքիայի վերջին սադրիչ գործողություններին»՝ իր գործընկերներին ուղղված նամակներում մեջ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը վկայակոչել է Եվրոպական խորհրդի որոշումը, որը ԵՄ անդամ պետություններից պահանջում է դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը երկրներ, որոնք այն օգտագործում են ագրեսիվ գործողությունների կամ տարածաշրջանի ապակայունացման համար, ինչը, ըստ Դենդիասի, տեղի է ունեցել Թուրքիայի դեպքում։