Իրանական աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Իրանի հյուսիսում զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին
SocityԻրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Sepahcybery» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականը հայտնում է, որ երկրի տարածքային ամբողջականությունը, Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջանների բնակչության անվտանգությունը պաշտպանելու համար կորպուսի ցամաքային ուժերի «Իմամ է Զաման» բրիգադը տեղակայվելու է սահմանի երկայնքով։
Azariha-ն ևս Իրանի ԶՈւ զինտեխնիկայի տեղափոխման մասին տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ թվում է՝ Իրանն այս գործողություններին նոր թափ է հաղորդել այն ժամանակ, երբ ահաբեկիչներ ուղարկելուց բացի՝ Թուրքիան հայտարարել է, թե նպատակ ունի Զանգեզուրը գրավել և Հայաստան-Իրան սահմանը կտրել։
Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով «Sepahnews»-ին, նույնպես հայտնել է, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման» բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին։
Ըստ հրապարակման՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար տանկեր և այլ զինտեխնիկա են տեղակայվել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում (սահմանակցում է Նախիջևանին)։