«Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին
PoliticsՀայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են համոզել, որ, այսպես կոչված, «Թրամփի ուղին» լուրջ օգուտներ է բերելու Հայաստանին։ Մինչդեռ նույնիսկ ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականները չեն հավատում նման անհեթեթ հայտարարություններին։ The Hill պարբերականը գրում է, թե առևտրային ճանապարհը, որը հանձնվել է ԱՄՆ-ին 99 տարի վարձակալությամբ, անցնելու է Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանը միացնելով իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ և ելք բացելով Թուրքիայի, իսկ հետո՝ Եվրոպայի համար՝ շրջանցելով Իրանը և Ռուսաստանը։ Թեհրանը զգուշանում է, որ այդ միջանցքը կամրացնի Արևմուտքի և Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում՝ միաժամանակ Իրանը կտրելով Հայաստանից։
«ԱՄՆ-ը կարող է օգուտ քաղել Հարավային Կովկասում իր գործընկերության ընդլայնումից։ Սա նաև կամրապնդի Ադրբեջանի տնտեսական կապերը Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ, քանի որ երկիրը ձգտում է հեռանալ Իրանից և Ռուսաստանից։ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցությունը կխթանի Ադրբեջանի տնտեսությունը՝ Թրամփի ծրագրած առևտրային միջանցքից ստացված շահույթի միջոցով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ավելի սերտ հարաբերությունները կթուլացնեն Իրանի և Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Թեհրանը բացահայտ դեմ է «Թրամփի ուղուն»։
The Hill պարբերականի այս արձանագրումը փաստում է՝ Հայաստանը վերածվելու է ընդամենը միջանցքի, որի հետ ոչ տարածաշրջանում, ոչ միջազգային ասպարեզում ոչ ոք հաշվի չի նստելու։ Իհարկե, Փաշինյանն ինքն էլ հասկանում է այդ փաստը, սակայն, հանուն սեփական իշխանության պահպանման, շարունակում է խաբել հանրությանը։
Տաթևիկ Բադալյան