Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին կավելացնի բանակում պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը
SocityՀունաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է լրացուցիչ 516 ուսանողների, որոնք հաջորդ տարի ընդունվելու են զինվորական ակադեմիաներ, ինչպես նաև 1600 ենթասպաների և 1000 շարքային նորակոչիկների, որոնք կզինվորագրվեն Հունաստանի զինված ուժեր, հայտնում է ekathimerini.com կայքը:
Նախարարության ծրագրի հաստատումը տեղի է ունենում այս տարի Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրական ծովում և Էգեյան ծովում լարվածության աճի ֆոնին, և հաջորդում է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ Սալոնիկի միջազգային ցուցահանդեսում արված հայտարարությանը, որում նշվել էր զինված ուժերում նոր, ավելի մեծ անձնակազմ ընդգրկելու մասին:
Ավելի վաղ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը խնդրանքով դիմել էր Գերմանիային, Իտալիային և Իսպանիային:Հայտնի է, որ Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիային:
Դենդիասը վկայակոչել էր Եվրոպական խորհրդի որոշումը, որը ԵՄ անդամ պետություններից պահանջում է դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը երկրներ, որոնք այն օգտագործում են ագրեսիվ գործողությունների կամ տարածաշրջանի ապակայունացման համար, ինչը, ըստ Դենդիասի, տեղի է ունեցել Թուրքիայի դեպքում:
Հունական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հունաստանը դիվանագիտական և ռազմական պատրաստություններ է անցկացնում Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում, որտեղ զինված ուժերը ներկայում գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում:
Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: