«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին
Politics«Շողակաթ» հեռուստաընկերության լուծարման գործընթացն ավարտին հասցնելու համար կհատկացվի 22 մլն դրամ։ Համապատասխան որոշումը երեկ ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ 22 մլն դրամը կազմվել է ըստ «Շողակաթ» հեռուստաընկերության հաշվարկների հիման վրա և կուղղվի աշխատակիցների ազատման (աշխատավարձ, վերջնահաշվարկ, արձակման նպաստ), պարտավորությունների մարման և լուծարման գործընթացը ավարտին հասցնելու համար։
ԱԺ–ն 2025-ի հոկտեմբերի 24-ին ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Ակնհայտ էր, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։ ՀՀ կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25–ի որոշմամբ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, այս տարվա հունվարի 1–ին լուծարվեց։
2026թ. պետբյուջեով «Շողակաթ» հեռուստաընկերության համար հատկացվել էր 221 միլիոն դրամ։ Այդ գումարից 22 միլիոնն էլ կօգտագործեն հեռուստատեսությունը լուծարելու համար։
Մեր տեղեկություններով, գումարի առյուծի բաժինը փոխանցվելու է Հանրային հեռարձակողի խորհրդին՝ Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում տեխնիկական վերազինման նպատակով։ Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանություններն ուժեղացնում են իրենց քարոզչական միջոցները, բայց լուծարում են Մայր Աթոռին պատկանող հեռուստատեսությունը, որտեղ քննադատական խոսք էր հնչում գործող իշխանությունների հակաեկեղեցական և ապազգային քաղաքականության վերաբերյալ։
Աննա Սեյրանյան