Տոկիոյում սկսել են ռոբոտներին ներգրավել COVID-19-ով հիվանդացածներին սպասարկելու համար
Տոկիոյում սկսել են ռոբոտներին ներգրավել COVID-19-ի թեթեւ ախտանիշներով հիվանդացածներին սպասարկելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Տոկիոյի քաղաքապետարանի նախագծերի աուդիտի բաժնի պետ Մասատակա Ցուձին:
Ճապոնիայի մայրաքաղաքի հյուրանոցներում ապրիլից սկսել են տեղավորել կորոնավիրուսային ինֆեկցիայի թեթեւ ախտանիշներով հիվանդներին: Սա հնարավորություն է տալիս չծանրաբեռնել հիվանդանոցները, դրա հետ մեկտեղ բացառում է հարեւանների եւ ընտանիքի անդամների շարքերում կրկնակի վարակման վտանգը:
«Մարդիկ հատուկ առանձնացված հյուրանոցներում բուժանձնակազմի մշտական հսկողության ներքո են: Այստեղ շուրջօրյա հերթապահում են երկու բուժքույրեր, իսկ ցերեկը՝ բժիշկ: Նրանք հերթափոխով են աշխատում: Ընդհանուր առմամբ ստացվում է ամեն հյուրանոցին 5 մարդ: Պացիենտի վիճակի կտրուկ վատթարացման դեպքում բժիշկները կարող են արագ արձագանքել: Տոկիոն այս նպատակի համար հյուրանոցներ է վարձակալել: Հիմա կա այդպիսի 5 հյուրանոց՝ ընդհանուր 2865 սենյակով: Դրանցում պացիենտների միջին թիվը, հաշվի առնելով, որ ոմանք ապաքինվում եւ հեռանում են, իսկ նրանց փոխարեն ուրիշներն են գալիս, տատանվում է 200 մարդու մակարդակում»,- պարզաբանել է պաշտոնյան:
Երբ համարն ազատվում է, այն ամբողջությամբ ախտահանվում է: Միայն դրանից հետո է հնարավոր այնտեղ նոր պացիենտի տեղավորել: Հետագայում COVID-19 ախտորոշմամբ մարդկանց համար հյուրանոցների եւ համարների թիվը կտատանվի իրավիճակից կախված: Հյուրանոցներում տեղավորելու համար վճարում է քաղաքապետարանը, պացինետների համար դա անվճար է: Եթե բուժմամբ զբաղվում են բժիշկներն ու բուժքույրերը, ապա աշխատանքի կենցաղային եւ վարչական կողմը ստանձնել են Տոկիոյի քաղաքապետարանի աշխատակիցները:
Առաջին երեք հյուրանոցներում կենսապահովմամբ զբաղվում են աշխատակիցները՝ օրը մի քանի անգամ հեռախոսով տվյալներ են հավաքում մարդկանց ինքնազգացողության եւ ջերմության մասին, հավաքում են աղբը: Մյուս երկուսում որոշվել է ներգրավել ռոբոտների, որպեսզի բարձրացվի աշխատակիցների անվտանգության մակարդակը եւ ինչ-որ կերպ բարձրացվի հյուրանոցում ապրողների ոգին, միաժամանակ թեթեւացվի անձնակազմի ծանրաբեռնվածությունը: «Մի ռոբոտը պացիենտներին դիմավորում է առաջին հարկում գտնվող նախասրահում, շփվում է նրանց հետ, ասում՝ ինչպիսի իրավիճակում ուր դիմեն: Արհեստական ինտելեկտով հագեցած մյուս ռոբոտը ինքնուրույն է հավաքում աղբը եւ առաջին հարկում ախտահանում ընդունարանը»,- ասել է Ցուձին: