Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար
PoliticsՑեղասպանության հուշահամալիր թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին արտադրել են դիմում գրել և հեռանալ։ Վերջինս առայժմ մեկնաբանություններ չի արել, իսկ ԿԳՄՍՆ-ն մտադիր է այդ պաշտոնում նշանակել Փաշինյանի նախկին օգնական, նրա աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանին։ Թեև պաշտոնական բացատրություն չկա, բայց հուշահամալիրի աշխատակիցները վստահ են՝ պատճառը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն է։
Գզոյանն անձամբ է ուղեկցել Վենս ամուսիններին, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերի զոհերի հիշատակի խաչքարերի կողքով անցնելիս պատմել է այդ արյունոտ իրադարձությունների, նաև արցախյան պատերազմի մասին։ Հյուրերին փոխանցել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։ Ի դեպ, թանգարան-ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ էլ ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ Արցախ է գրված։ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին Փաշինյանը դժգոհություն էր հայտնել, խոսքի վերջում ասել. «Տեղի են ունեցել բաներ, որ ավելի ճիշտ կլիներ՝ տեղի չունենային, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է»:
Ասում են՝ Փաշինյանն է ԿԳՄՍ նախարարին հրահանգել հեռացնել հուշահամալիրի տնօրենին, հակառակ դեպքում կհեռացնեն նախարարին։ Ժաննա Անդրեասյանն էլ, բնականաբար, նախընտրել է հեռացնել տնօրենին։ «Արցախ» բառը վաղու արդեն դուրս է մղվել իշխող ուժի լեքսիկոնից, քպականներն էլ ամեն կերպ զեղչում են այդ տեղանունը, պետական գերատեսչություններին էլ պարտադրում օգտագործել միայն «Ղարաբաղ» բառը, քանի որ այդպես է ցանկանում Ադրբեջանի իշխանությունը։ Ալիևի նախանձախնդիր վերաբերմունքն այդ հարցում հայտնի է, իսկ խամաճիկ իշխանությունը չի ցանկանում խնդիրներ ունենալ։
Նունե Կիրակոսյան