Փաշինյանը գնացել է քարոզարշավի
PoliticsՄինչ տարածաշրջանը դղրդում է, Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները զբաղված են ներկուսակցական քարոզարշավով։ Վաղ առավոտյան Փաշինյանը հայտարարել է, թե ներկուսակցական քարոզարշավը «Քաղպայմանագրում» մեկնարկել է, գնում են Արմավիրի և Արարատի մարզեր, քաղաքացիների հետ կշփվեն, կզրուցեն, տպավորություններ կկիսեն նրանց հետ, և այսպես, շարունակել է Փաշինյանը։ Հատուկ այդ նպատակով մեծ ավտոբուս են վարձակալել, ՔՊ ընտրական ցուցակի ամենաբարձր հորիզոնականները զբաղեցնող 50 անձանց լցրել այդ ավտոբուսը և շրջագայում են մարզերով։
Հիշեցնենք՝ նախնական ընտրություններում ՔՊ-ն որոշել էր 274 թեկնածուների դասավորությունը ընտրական ցուցակում։ 2-րդ փուլում արդեն ամենաբարձր ձայները ստացած 50 անձանց միջև ևս պետք է նոր քվեարկություն կայացվի նրանց տեղը՝ հիսնյակում ճշտելու, ինչպես նաև՝ վարչապետի թեկնածուին որոշելու համար։ Եթե առաջին փուլում թեկնածուներին թույլ չէին տալիս քարոզարշավ իրականացնել մարզերում տեղական պատվիրակների հետ, ապա այժմ մեկ միասնական մեթոդ են մշակել, բոլորով իրար հետ են հանդիպում, ներկայացնում իրենց մոտեցումները տարբեր հարցերում։
Փաշինյանի համար բավականին հարմարավետ իրավիճակ է ստեղծվել կուսակցությունում, 1-2 բացառությունները չհաշված, առաջին 50 համարներն այն մարդիկ են, որոնք երբևէ ոչ կհակաճառեն, ոչ էլ կփորձեն փախչել իշխող թիմի կազմից, որքան էլ փորձում են խոսել ժողովրդավարության ներկուսակցական թափանցիկության մասին փաստն իրականում այն է, որ Փաշինյանը հենց իր կուսակցությունում էլ ավտորիտար պայմաններ է ստեղծել և ինքն է որոշում, ով ինչ պիտի ասի և անի։
Աննա Մարգարյան