Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան
PoliticsՆարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ թոշակառու
Մեր ավագ սերնդի մեծահարգ քաղաքացի, դիմում եմ քեզ ինչպես կդիմեի թոշակառու մորս, ում համար, ևս, այդ 10 հազար դրամը որոշակի ուրախության առիթ է: Մենք գիտենք, որ քո կյանքը դժվար է, թոշակդ չի բավարարում, նույնիսկ, գոյությունդ պահպանելու և նվազագույն զամբյուղն ապահովելու խնդիր ունես, անվերջանալի խնդիրներ՝ կոմունալ, սնունդ, դեղորայք, և այս իշխանությունների կողմից քո կյանքի հոգսը թեթևացնելու բեմականացումը ամենևին քո հոգսի մասին չէ, այլ՝ հակառակը՝ ընտրական նախաշեմին ձեր քվեն դրամի վերածած ընտրակաշառքի․ նույնիսկ այս պարագայում, մենք ուրախ ենք, որ դուք ավել գումար կստանաք և բաւձրացած աղմուկը ամենևին ձեր մասին չէ:
Նախ՝ ձեր թոշակները գոյանում են մեր՝ բոլորի հարկերից և ոչ թե Փաշինյանի հորական տնից, այս բարձրացումը համեմատելի չէ, նույնիսկ, գրոշ չարժե այն գումարների համեմատ, որոնք լափում է այս իշխանությունը, և եթե այդքան մտահոգ է ձեր կենսամակարդակով, թող իր ընտանիքի, իր յուրայինների պարգևավճարների, ծառայողական մեքենաների, կեցավայրի պահպանության և այլ ծախսերը կրճատի․ այդ դեպքում, վստահաբար, ձեր թոշակը շատ ավելի կբարձրանա, քան այս 10 հազարն է:
Սիրելի՜ ծնող, խնդրանքս մեկն է, որ այս 10 հազար դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա հունիսի 7-ի համապետական ընտրություններին քո ելակետը, այնպես, ինչպես հաշվարկել են քեզ ձայնավաճառի տեղ դրած ու քո թասիբը չճանաչող չիշխանավորները:
Հունիսի 7-ին դու արդեն 2 ամիս ստացած կլինես քո ավել թոշակը, երբ մտնես ընտրատեղամաս, հաշվի առ ներքոգրյալ խնրանքս՝
1. Ընտրի՛ր այնպիսի ղեկավար, ով կկարողանա շարունակաբար ու անխափան վճարել սրանց՝ առանց հաշվարկի տրված ընտրակաշառք կոչվող թոշակը:
2. Հաշվի առ, որ քո ձայնը գնելու համար՝ նա ավելացնելու է պետական պարտքը, որը մարելու է քո որդին, թոռը...
3. Ընտրի՛ր, թեկուզ, տարիքիդ հետ՝ փոքր-ինչ խեղճացած, բայց հպարտի վճռականությամբ, ապացուցի՛ր, որ ձայնդ չի վաճառվում և որ քեզ արժանապատիվ թոշակով ապահովելը իշխանության պարտավորությունն է և ոչ թե բարի կամքը։
Երբ հաշվի առնես ոդիական խնդրանքս, խոստանում եմ՝ կապրես այնպիսի ծերություն, որ աչքդ կուշտ և հոգիդ հանգիստ կլինի։
Քո որդի՝ Նարեկ։