Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան
PoliticsՓաշինյանի վարկանիշն ակնհայտ ընկել է, բայց դեռևս որևէ քաղաքական ուժ ավել վարկանիշ չունի, բոլորն իլյուզիաների մեջ են ապրում: Այս մասին Tert.am (http://tert.am/)-ին տված հարցազրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Շատ վատ է, որ քաղաքական ուժերը չեն պատկերացնում, որ 2021-ին եղել է ոչ թե վարկանիշային ընտրություն, այլ՝ հակավարկանիշային, այսինքն՝ ես ավելի շատ չեմ սիրում այս ուժին, քան մյուսին, սա է եղել հիմնական մեխը: Մենք փորձում ենք 2026 թվականի ընտրությունները տանենք վարկանիշային ընտրության: Իշխանությունը գիտի իր վարկանիշը, ինքն ամեն ինչ պետք է անի հակավարկանիշային ընտրություն ստեղծելու համար, դա միայն Հայաստանում չէ, աշխարհում է այդպես, յուրաքանչյուր իշխանություն ինքն է որոշում իր թիվ մեկ ընդդիմադրին»,-նշել է նա:
Սարգսյանը հավելել է, որ շուտով կուրվագծվի, թե իշխանությունն ում է հռչակելու թիվ մեկ ընդդիմություն: «Թիվ մեկ ընդդիմադիրին, եթե հռչակեց, նշանակում է՝ ինքն իր մեջ համոզմունք ունի, որ նրան արդեն հաղթել է, ու սրանով հասարակության ուշադրությունը շեղվում է: Պայմանականորեն՝ ենթադրենք 20 ուժ է մասնակցում, 20 ուժի մեջ ուշադրությունն արհեստականորեն սևեռվում է իշխանության և թիվ մեկ ընդդիմության վրա»,-ասել է Նաիրի Սարգսյանը: