Մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի մրցույթը
Culture2019 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը տարիներ շարունակ ճանապարհ է հարթում հայ պատանի տաղանդավոր երաժիշտների համար, աջակցում է նրանց կրթության, զարգացման, միջազգային հարթակներում ներկայանալու հարցում։
Հիմնադրամի միջոցով իրականացվում է «Հայ վիրտուոզներ» կրթական ծրագիրը, որն էլ հայտարարում է իր հերթական մրցույթի մասին։ 10–16 տարեկան հայ պատանի երաժիշտներն ունեն բացառիկ հնարավորություն՝ դառնալու երաժշտական մեծ ընտանիքի անդամ։ Եվ այսպես՝ տրված է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ»՝ 2026 թվականի կրթական և զարգացման ծրագրի մրցույթի մեկնարկը։
Ծրագրի ընդունելությունն իրականացվում է ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր, տավիղ և սաքսոֆոն գործիքների գծով։ Կրթական ծրագիրն ունի 7 ուղղություն՝ վարպետության դասեր և դասախոսություններ, կրթական ուղևորություն արտերկիր, օտար լեզվի դասեր, բեմական փորձ, այցելություն համերգների, թանգարանային այցեր և կրթաթոշակ։
Հիմնադրամի կրթաթոշակառուները կրթական բեղուն ճանապարհ են անցնում։ Զարգացնում են իրենց ներուժը, կատարելագործում հմտությունները, շփվում միջազգային ճանաչում ունեցող և փորձառու երաժիշտների հետ։ Կարևոր ճանապարհի ավարտին պատանի երաժիշտները կդառնան ամենաիրական վիրտուոզներ։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 11-ը։
Դիմելու կարգին ծանոթանալու և մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։