Դանակով և քիմիական նյութերով հարձակում Ճապոնիայում անվադողերի գործարանում. վիրավորվել է 15 մարդ
InternationalՃապոնիայի կենտրոնական մասում գտնվող անվադողերի գործարանում ուրբաթ օրը մի տղամարդ է ձերբակալվել, ով դանակով հարձակվել է ութ հոգու վրա և վիրավորել ևս յոթին՝ ամենայն հավանականությամբ սպիտակեցնող նյութի օգնությամբ, հաղորդում է Associated Press-ը:
Հարձակման դրդապատճառը անհայտ է մնում: Ֆուջիսան Նանտո հրշեջ ծառայության տվյալներով՝ ութ մարդ հիվանդանոցներ է տեղափոխվել այն բանից հետո, երբ տղամարդը դանակահարել է նրանց Տոկիոյից արևմուտք գտնվող Միշիմա քաղաքի Շիզուոկա պրեֆեկտուրայի Yokohama Rubber Co. անվադողերի գործարանում: Հրշեջները Associated Press-ին հայտնել են, որ դանակահարվածներից հինգը ծանր վիճակում են, սակայն լրացուցիչ տեղեկություններ դեռևս հայտնի չեն: Լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ հիվանդանոց տեղափոխվելու պահին բոլորը գիտակից վիճակում են եղել:
Սիձուոկա պրեֆեկտուրայի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը՝ 38-ամյա մի տղամարդ է, որը ձերբակալվել է գործարանում սպանության փորձի կասկածանքով, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել: Ենթադրվում է, որ հարձակվողը գործարանի նախկին աշխատակից է եղել. այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Ինչպես հայտնում է ճապոնական խոշոր Asahi թերթը՝ վկայակոչելով քննիչներին, կասկածյալն ունեցել է դանակ և կրել է հակագազ հիշեցնող ինչ-որ իր: Եվս յոթ մարդ վիրավորվել է հարձակման ժամանակ նրանց վրա նետված նյութից: Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար: