Մեր հազարավոր նահատակների արյունը մեզ համար շատ ավելի թանկ է, անգին, քան թշնամուց ներկրված էժան վառելիքը. Ավետիք Չալաբյան
Politics«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գործող վարչախումբը որպես իր մեռելածին և կեղծ «խաղաղության օրակարգի» պատմական ձեռքբերում է ներկայացնում թշնամական Ադրբեջանից մոտ 600 տոննա բենզինի մուտքը Հայաստան: Այն գնել է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա թրեյդ» ընկերությունը և այսօրվանից սկսել է իրացնել հայաստանյան շուկայում:
Կոչ ենք անում բոլոր վարորդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և ավտոմեքենաները չլիցքավորել RAN Oil բենզալցակայաններում, քանի որ դրանցում վաճառվում է ադրբեջանական բենզին, որը Բաքվի բռնապետ Ալիևը հրամցնում է մեզ՝ փորձելով պատրանք ստեղծել, թե իբր խաղաղություն է ցանկանում։ Իրականում բռնապետ Ալիևը մեծ քանակի սպառազինություն է կուտակում, բանտերում խոշտանգում է մեր հայրենակիցներին և պատրաստվում նոր ագրեսիայի Հայաստանի դեմ։ Գնելով նրա բենզինը՝ մենք նրան ավելի շատ զենք ձեռք բերելու և Հայաստանի վրա ավելի շուտ հարձակվելու հնարավորություն ենք տալիս։
Մեր հազարավոր նահատակների արյունը մեզ համար շատ ավելի թանկ է, անգին, քան թշնամուց ներկրված էժան վառելիքը:
Բոյկոտենք RAN OIL բենզալցակայանները։ Թույլ չտանք, որ մեր գումարով գնված ադրբեջանական բենզինը փոխակերպվի մեր դեմ ուղղված հրանոթների: