Հացադուլը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ հարցը ստույգ լուծում չի ստացել. ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են անում Կառավարության դիմաց՝ ցամաքային սահմանը հատելու հնարավորության պահանջով (տեսանյութ)
VideosՄենք պահանջում ենք Կառավարությունից, որպեսզի բանակցեն Ռուսաստանի Դաշնության հետ և բացեն սահմաններ։ Այս մասին Կառավարության դիմաց Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացի Վարդան Վարդանյանը:
Նշենք, որ Կառավարության դիմաց Ուսաստանի Դաշնություն մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներն անժամկետ հացադուլ են իրականացնում:
Քաղացու խոսքով՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ տարբերակներ են քննարկվել քաղաքացիների տեղափոխման գործընթացը փուլ առ փուլ կազմակերպելու համար։ «Հացադուլը անժամկետ է և ի սկզբանե ասել ենք, որ հացադուլ լինելու է այնքան ժամանակ, մինչև հարցը ստույգ լուծում ստանա, իսկ վարչապետը հստակ ժամկետ չի ասել, հավաստիացրել է, որ հետևողական կլինի և լուծման եզրեր կգտնի»,- նշել է նա:
Քաղաքացի Վարդան Վարդանյանի խոսքով՝ հացադուլ իրականացնողներից գրեթե բոլորը Հայաստանի քաղաքացիներ են: Ըստ նրա՝ խնդիրները հիմնականում երեքն են ՝ընտանիքների վերամիավորում, արտագնա աշխատանքի և ուսանողների ուսման շարունակություն։ «Մարդիկ կան՝ տուն ունեն, մարդիկ կան՝վարձով կամ հարազատների տանն են ապրում: Մարդիկ տարիներով Ռուսատանում ապրում են վարձով, իրենց բարեկեցիկ կյանքն են ստեղծել, ընտանիք կա, որ կինը երկու երեխայով եկել է, իսկ մյուս անչափահաս երեխան մնացել է ամուսնու մոտ և ամուսինը չգիտի՝ այնտեղ աշխատի, վարձը վճարի, գումար ուղարկի, որ ընտանիքը պահի, թե երեխային պահի:
Դեպքեր էլ կան, որ ամուսինն է եկել, սակայն չգիտի 100-150 հազարով ինքը աշխատի, թե վարձ ուղարկի, որ իր ընտանիքը չմնա փողոցներում: Շատ մարդիկ են այդ խնդրի մեջ»,- նշեց ակցիայի մասնակից Վարդան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս է՝ նրանք բողոքի ակցիաներ են անում, սակայն, ինչպես իրենք են նշում, նրանց բողոքը լսող չկա։