Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև
InternationalԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար, Դոհայում կայացած միջազգային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու կարևորությունը։
«Միաժամանակ, մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը։ Ինչպե՞ս պետք է այս աջակցությունն ուղղորդվի և հարմարեցվի մեր օրակարգին։ Առաջին հերթին, մեզ անհրաժեշտ է քաղաքական աջակցություն և, իհարկե, քաղաքական կամք», - ասել է Հաջիևը։
Նա կոչ է արել միջազգային հանրությանը զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են վնասել խաղաղության գործընթացին։
«Աջակցեք մեզ, որպեսզի կարողանանք առաջ շարժվել։ Երբեմն քաղաքական հայտարարություններում մենք տեսնում ենք տարրեր, որոնք մեզ հետ են պահում։ Սա իմ կոչն է միջազգային լրատվամիջոցներին, ակադեմիական շրջանակներին և վերլուծական կենտրոններին։ Կան ուսումնասիրություններ, որոնք մեզ քարշ են տալիս դեպի անցյալ, և դա չպետք է տեղի ունենա։ Մենք նայում ենք դեպի ապագա։ Գիտենք, որ կան մարտահրավերներ, բայց եկեք կենտրոնանանք խաղաղության օրակարգի վրա և աշխատենք դրան հասնելու համար», - նշել է Հաջիևը։