Այս մակարդակի խաղերում ամենափոքր սխալը պատժվnւմ է. Սանդրո Պերկովիչ
SportՀայաստանի չեմպիոն «Նոայի» 41-ամյա գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է Ռումինիայում կայացած «Ունիվերսիտատյա Կրայովայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրի (1:1) ոչ-ոքի ավարտված հանդիպումը։
Պերկովիչը հայտնել է, որ գոհ է ինչպես խաղից, այնպես էլ արդյունքից՝ հաշվի առնելով վերջին 15 րոպեների լարվածությունը, երբ «Նոայի» դարպասին մեծ ճնշում էր գործադրվում:
«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին ձեռք բերված միավորի համար: Կարծում եմ՝ մենք բավականին լավ հանդիպում անցկացրինք: Հատկապես հպարտ եմ առաջին խաղակեսով, չնայած «Կրայովայի» առավելությանը: Խաղացինք ճիշտ այնպես, ինչպես պլանավորել էինք, և ունեցանք երկու-երեք լավ հնարավորություն գոլ խփելու համար: Ցավոք, չկարողացանք օգտվել դրանցից: Այս մակարդակի խաղերում ամենափոքր սխալը պատժվում է:
Երկրորդ խաղակեսում 1։0 հաշվի պայմաններում հոգեբանորեն չընկճվեցինք, ցույց տվեցինք բնավորություն և կարողացանք հավասարեցնել խաղը: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ արժանի էինք այս միավորին:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրպագուներին, ովքեր եկել էին այս հիանալի մարզադաշտ և ստեղծեցին հրաշալի մթնոլորտ, թեև նրանց 99 տոկոսը մեր դեմ էր: Նման ստադիոնում խաղալը մեծ հաճույք էր:
«Կրայովան» շատ ուժեղ թիմ է: Վերլուծության ընթացքում նկատել էինք, որ նրանց լավագույն խաղացողներից մեկը ձախ պաշտպանն է: Նրա կողմից է գալիս բազմաթիվ վտանգավոր գործողություններ և գոլեր: Այդ պատճառով այս անգամ պաշտպանությունում ընտրեցինք ասիմետրիկ մոտեցում՝ Հելդերին հանձնարարելով հետևել նրանց ձախ պաշտպանին, որին մեր նախախաղային վերլուծության ընթացքում համարել էինք ամենավտանգավոր խաղացող:
Մենք բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք շատ ուժեղ հակառակորդի դեմ: Նրանց դարպասապահը որոշ պահերի վճռորոշ դեր խաղաց: Ես գոհ եմ խաղից: Դեռ երեկ ասել էի ֆուտբոլիստներիս, որ ֆուտբոլում արդյունքները կարող են անկանխատեսելի լինել, բայց այն վճռականությունը, կիրքն ու զգացմունքները, որոնք նրանք ցույց տվեցին, անհավատալի էին:
Հպարտ եմ նրանցով: Կարևոր չէր՝ կհաղթեինք, թե կպարտվեինք, կարևոր էր, թե ինչպես կկառավարեինք խաղը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ: Մենք տիրապետեցինք խաղին թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության ժամանակ և անցկացրինք արտակարգ հանդիպում»,-եզրափակել է նա: