Լուկաշենկոյի հեռանալը ժամանակի հարց է․ Washington Post-ում Սվետլանա Տիխանովսկայայի հոդված
Ալեքսանդր Լուկաշենկոն, որպես Բելառուսի առաջնորդ, ապագա չունի, եւ նրա հեռանալը ընդամենը ժամանակի հարց է։ Այս մասին Washington Post պարբերականում հրապարակված իր՝ «Բելառուսում ռեժիմը փորձում է գողանալ մեր հաղթանակը։ Այն հաջողության չի հասնի» հոդվածում նշել է Բելառուսի նախագահի ընդդիմության նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։
«Մենք պնդում ենք բողոքի խաղաղ ցույցը եւ հրաժարվում ենք ներգրավվել բռնությանը։ Շատերը հարցնում են՝ արդյոք դա բավարա՞ր է։ Կարծում եմ՝ այո։ Մենք, որպես պետություն, անցել ենք հետ չդառնալու կետը։ Լուկաշենկոն, որպես Բելառուսի առաջնորդ, ապագա չունի, եւ նրա հեռանալը ընդամենը ժամանակի հարց է»,- նշում է Սվետլանա Տիխանովսկայան։
Նա իր հոդվածում նշում է, որ Բելառուսում երթի դուրս եկած մարդկանց թիվը «ապշեցուցիչ» է, նրանք նաեւ գործարաններում գործադուլներ են անցկացնում, տեղեկություններ փոխանակում եւ փորձում են միմյանց օգնել ու աջակցել։
Տիխանովսկայան իր հոդվածում նաեւ նշել է անհրաժեշտ գործողությունների ծրագիրը։
Առաջին կետում նշվում է զանգվածային ցույցերի շարունակումը։ Նրա խոսքով՝ չնայած «պետական քարոզչության» հավաստիացումներին, որ ցուցարարների թիվը կրճատվում է, «Բելառուսում բոլորն իրենց աչքով են տեսնում, որ ամեն շաբաթ երթերն ավելի մեծաթիվ են դառնում»։
Տիխանովսկայան երկրորդ կետով նշել է «պետական ապարատի բոյկոտը»։ Նրա խոսքով՝ մեծ թվով մասնավոր բիզնեսներ դադարել են գործ ունենալ պետական բանկերի հետ, այդպես կվարվեն էլի շատերը։
«Ձեռնարկատերերը պետք է հնարավորինս հետաձգեն կամ հրաժարվեն վճարել եւ պետական գործարաններից արտադրանք գնել»,- նշել է նա։
Իշխանության դեմ պայքարի այլ միջոցների թվում Տիխանովսկայան նաեւ նշել է տեղեկատվական քաղաքականությունը՝ ուղղված ապատեղեկատվության կանխմանը եւ լրագրողներին ու բլոգերներին կոչ է արել հետեւել այս տեսանկյանը։
Տիխանովսկայան իր հոդվածում Բելառուսի գործող իշխանությանը մեղադրել է ռուս լրագրողների օժանդակությամբ ստի տարածման եւ քարոզման մեջ։