Պետդուման պատրաստվում է արգելել օտարերկրյա խաղալիքները
InternationalՊետդուման առաջարկել է ներմուծել արտասահմանյան խաղալիքների պարտադիր ստուգումներ, ուժեղացնել մաքսային վերահսկողությունը եւ աջակցել ավանդական արժեքների ոգով արտադրանք արտադրող տեղական ընկերություններին: Այս առաջարկները քննարկվել են «Խաղալիքները՝ որպես թաքնված քարոզչության ալիք. վիզուալ պատկերներ, պիտակավորում, ստուգում եւ քվոտաներ» խորագրով կլոր սեղանի շուրջ, հաղորդել է РБК -ն:
Խաղալիքները դարձել են հիբրիդային պատերազմի գործիք, որն օգտագործվում է օտար արժեքներ պարտադրելու եւ «երեխաներին հայրենիքի հանդեպ սիրուց կտրելու» համար, հայտարարել է Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման կոմիտեի ղեկավար Յանա Լանտրատովան: Նա կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի խոշոր միջազգային ընկերությունների արտադրանքին, ինչպիսին է Mattel-ը, որը դուրս է եկել Ռուսաստանից, բայց որի խաղալիքները դեռեւս երկիր են մտնում զուգահեռ ներմուծման միջոցով: Լանտրատովայի խոսքով՝ Enchantimals-ի եւ Monster High-ի նման տիկնիկները տարածում են մահվան եւ ագրեսիայի պաշտամունքի հետ կապված կործանարար պատկերներ եւ կարող են վախեր եւ հոգեկան խանգարումներ առաջացնել երեխաների մոտ:
Պատգամավորը նաեւ նշել է, որ որոշ արտադրողներ շահույթ են ստանում ռուսական շուկայից եւ ֆինանսավորում Ռուսաստանի շահերի դեմ ուղղված գործողություններ: Նա առաջարկել է Ռուսաստանում վերականգնել խաղալիքների ինստիտուտը, որը պատասխանատու կլինի ոչ միայն խաղալիքների մշակման, այլեւ հոգեբանական գնահատման համար։
«Մենք ունենք սոցիալական եւ սանիտարական փորձագիտություն, բայց մեզ պակասում է հոգեբանական կամ մանկավարժական փորձագիտությունը: Եվ սա հանգեցնում է նրան, որ այս կապույտ հրեշների վաճառքն ընդամենը մեկ ամսում միլիոնապատիկ աճում է: Ժպտացող հրեշների վաճառքը եւս միլիոնապատիկ աճում է»,- ասել է Ընտանիքի, հայրության, մայրության եւ մանկության պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Տատյանա Բուցկայան: Նա նշել է, որ միտումնավոր խուսափում է խաղալիքների անունները հիշատակելուց՝ դրանք գովազդելուց խուսափելու համար: Նրա խոսքով՝ կործանարար խաղալիքների դեմ պայքարի համար նախատեսված աշխատանքների արդյունքում մանկական խանութների դարակներում այլեւս չեն լինի «դագաղներ» կամ «զուգարանակոնքից դուրս ցցված գլուխներ»:
Դաշնային հավատարմագրման ծառայության ղեկավարի տեղակալ Մաքսիմ Զալազաեւը դժգոհել է, որ որոշ ներմուծողներ եւ արտադրողներ մանկական խաղալիքները պիտակավորում են այնպես, որ անտեսվում են խաղալիքների անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերը: Օրինակ՝ «հայտնի նապաստակի չար ժպիտով» ապրանքի փաստաթղթերում նշված է, որ ապրանքը ֆիգուր է, խաղալիք ֆիգուր կամ բանալիի շղթա եւ նախատեսված է 14 տարեկանից բարձր երեխաների համար: Զալազաեւը նաեւ նշել է, որ Ռուսաստանի շուկայում ապրանքների միայն 15 տոկոսն է, որ ներկայում ներքին ծագում ունի:
Պետդումայի փոխխոսնակ Աննա Կուզնեցովան կոչ է արել աջակցել ներքին արտադրողներին՝ ապահովելու, որպեսզի նրանք ոչ միայն ներքին շուկայի համար ապրանքներ արտադրեն, այլեւ արտահանեն դրանք արտասահման: «Կարեւոր է մեր արժեքներն արտահանել սահմանից այն կողմ: Սա պետք է լինի ռազմավարական նպատակ. Ռուսաստանի մեր պատկերները, հաղթանակի պատկերները պետք է լինեն այնտեղ»,- ասել է պատգամավորը: