Երեկ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» են տեղափոխվել չորս քաղաքացիներ, ովքեր, ըստ նախնական տվյալների, դանակահարվել են Ազատության պողոտա 1/24 հասցեում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։
MediaHub-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքացիների միջև։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, ինչի հետևանքով չորսը վիրավորվել են։
«Միքայելյան» հիվանդանոցից MediaHub-ին հայտնեցին, որ տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նրանք այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք սուր կտրող - ծակող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։