«Իմ կյանքի ամենախիզախ ու բարդ նախագիծն է». Արման Նշանյանը՝ հայոց պատմությունը Greek Theatre-ի բեմից ներկայացնելու մասին
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Echoes of Our Ancestors»-ը պարզապես համերգ-ներկայացում չէ. այն հարգանքի տուրք է հայոց պատմությանը։ Օրերս Լոս Անջելեսում հենց այս գաղափարի շուրջ միավորվեցին մի շարք հայտնի արտիստներ, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցողներ։
Նախագծի հեղինակը և բեմադրիչը Արման Նշանյանն է։
«Մեծ հաջողություն էր հայոց պատմությունը ներկայացնել հենց Greek Theatre-ի բեմից։ Սա աշխարհի ամենահայտնի ամֆիթատրոններից մեկն է․ չնայած իր 6000 հանդիսատեսի տարողությանը՝ այն պահպանում է յուրահատուկ մթնոլորտը։ Եվ հենց դա էր մեզ անհրաժեշտ։ Երբեք չեմ կասկածել, որ այս ներկայացումը պետք է կայանար հենց այդ բեմում։ Սկզբից մինչև վերջ մեր տեսլականն անփոփոխ է եղել․ այն պետք է ներկայացվեր բացօթյա բեմում՝ աստղերի տակ։ Այս պատմությունը պետք է հնչեր ազատ երկնքի ներքո՝ որպես հարգանքի տուրք մեր նախնիներին, ինչպես հնագույն բալադները՝ բնական հնչողությամբ ու լայն տարածքում։ Sold out-ը և մինչ օրս չդադարող գովեստի խոսքերը փաստում են, որ չէի սխալվել»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Նշանյանը։

Նրա խոսքով՝ այդ բեմից հայոց պատմությանը անդրադառնալու ցանկությունը իրականություն դարձնելը հեշտ չի եղել։ «Այս նախագծի պրոդյուսեր Ասկո Հակոբյանի հետ ամիսներ շարունակ փորձեցինք պարզապես շփման եզր գտնել թատրոնի հետ։ Վերջապես, մեր համառության և քաղաքապետարանի աջակցության շնորհիվ հաջողվեց միանալ համապատասխան կառույցներին։ Ի վերջո, նման մասշտաբի շոուն դարձավ իրականություն։ Սա թերևս իմ կյանքի ամենախիզախ ու բարդ նախագիծն է։ Եվ անկեղծ ասած՝ առանց աջակցության այն հնարավոր չէր իրականացնել։ Առաջին իսկ օրվանից ինձ հետ է եղել պրոդյուսեր Ասկո Հակոբյանը։ Նա անմնացորդ նվիրվածությամբ կանգնել է կողքիս»,- ընդգծեց Նշանյանը:

Բեմում հանդես են եկել բացառիկ արտիստներ՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ներկայացման մասնակիցներն էին՝ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Սեբուն, Գառնիկ Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Իզաբել Բայրաքթարյանը, Բարսեղ Թումանյանը, Նունե Եսայանը, Նազենի Հովհաննիսյանը, Արմեն Մովսիսյանը, Բերջ Կարազյանը, Սուրեն Առուստամյանը, Լյուդվիգ Իսպիրյանը, «Հայկյան» երգչախումբը, «Զվարթնոց» պարային համույթը և այլք։

Նախագծի պրոդյուսերն է Ասկո Հակոբյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անդրանիկ Բերբերյանը։ Արտիստների ընտրությունը կատարվել է ոչ միայն երաժշտական վարպետության, այլև տարբեր պատմական ժամանակաշրջաններ, արժեքներ ու խորհրդանիշներ մարմնավորելու կարողության հիման վրա։
Նրանք ոչ միայն կատարողներ էին, այլև դերակատարներ՝ իրենց երաժշտական մեկնաբանությամբ ներկայացնելով տվյալ ժամանակաշրջանը։

«Նման մասշտաբի շոուներ սովորաբար կարելի է տեսնել Լաս Վեգասում, սակայն այս դեպքում ակրոբատների փոխարեն հանդիսատեսը ստացավ բացառիկ երաժշտական երեկո։ Սիմֆոնիկ և ազգային նվագախումբ, LED էկրաններ ու տեսաշարեր, ժամանակակից և ավանդական պարային բեմադրություններ»,- ընդգծեցին կազմակերպիչները։

Պրեմիերայից հետո ներկայացումը կշարունակի շրջագայությունը Երևանում, Կանադայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հարավային Ամերիկայում և Նյու Յորքում։
Հայ հանդիսատեսին այն կներկայացվի բացօթյա և անվճար ձևաչափով՝ որպես հարգանքի տուրք նախնիներին, հայրենիքին և ժողովրդին։ Նախագիծը համախմբել է կարևոր հաստատությունների և անհատների աջակցությունը, այդ թվում՝ University of Southern California-ի Armenian Studies ինստիտուտի, ինչպես նաև նվիրված հայ արվեստասեր ընտանիքների՝ Տիրան և Գոհար Օհանյանների, Շուշան Կարապետյանի և այլոց։ Բոլորը միավորվել են People of Our Cultural Foundation-ի հովանու ներքո՝ որպես խորհրդի անդամներ՝ նպատակ ունենալով ապրեցնել և տարածել հայ մշակույթը։









Հետևեք մեզ՝ այստեղ