Ռուսաստանում նախատեսվում է կորոնավիրուսի դեմ մանկական պատվաստանյութ ստեղծել
Գամալեայի անվան հետազոտական կենտրոնում մշակված Sputnik V ռուսական պատվաստանյութի փորձարկումներն արդեն ավարտվել են, եւ դեղամիջոցը շրջանառության մեջ է դրվել: Պատվաստանյութի մատակարարումը մարզեր պետք է սկսվի այս շաբաթ, իսկ զանգվածային պատվաստումները նախատեսված են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի` հաջողությամբ ավարտվել է նաեւ «Վեկտոր» պետական հետազոտական կենտրոնում ստեղծված երկրորդ ռուսական պատվաստանյութի փորձարկումների հիվանդանոցային փուլը: Փորձին մասնակցել է 100 մարդ: Սակայն երկու պատվաստանյութերն էլ նախատեսված են մեծահասակների համար: Մասնագետների կարծիքով` անհրաժեշտ է պատվաստանյութ ստեղծել նաեւ երեխաների համար:
Գամալեայի անվան հետազոտական կենտրոնում արդեն պատմել են այս ոլորտում առաջին զարգացումների մասին. երեխաների պատվաստանյութը այլ դեղաչափեր եւ ներարկման ձեւ կունենա, ամենայն հավանականությամբ` քթի կաթիլներ: Սակայն եթե մեծահասակների համար պատվաստանյութը հայտնվի արդեն այս տարի, ապա երեխաների պատվաստանյութը կհայտնվի ավելի ուշ` լավագույն դեպքում հաջորդ տարի:
Երեխաների համար պատվաստանյութերի փորձարկումները կսկսվեն մեծահասակների մասնակցությամբ փորձարկումների բոլոր փուլերի հաջող ավարտից հետո: Դա կտեւի մոտ 9 ամիս (ուսումնասիրությունների հետգրանցման շրջանակներում կամավորները կպատվաստվեն 3-4 ամսվա ընթացքում, ապա կհաջորդի եւս 6-ամսյա դիտարկման ժամանակահատվածը): Երեխաների պատվաստումը նախատեսվում է անցկացնել ավելի մեծ տարիքային խմբում (մինչեւ 18 տարեկան): Եթե խնդիրներ չլինեն, հաջորդը կպատվաստվեն 12-14 տարեկան դեռահասները եւ վերջին հերթին` փոքր տարիքի երեխաները: