Հայկական IUnetworks ընկերությունը Տաջիկստանում ներդրել է իր կողմից մշակված «Մեկ պատուհան» համակարգը
EconoмицсՏաջիկստանի Հանրապետությունում հաջողությամբ մեկնարկեց հայկական IUnetworks ՏՏ ընկերության կողմից մշակված «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգը»։ 2019 թ․-ի նոյեմբեր ամսին մեկնարկել էր համակարգի պիլոտային տարբերակը, որի արդյունավետ գործածումը նպաստեց համակարգի ամբողջական ներդրմանը, որն արդեն անցել է շահագործման։
«Մեծ ուրախությամբ ենք տեղեկացնում, որ չնայած Covid-19 համավարակով պայմանավորված դժվարություններին, սեպտեմբերի 1-ին հաջողությամբ
մեկնարկեցինք մեր ընկերության կողմից մշակված Մեկ պատուհան համակարգը Տաջիկստանում, որը հնարավորություն կտա բարելավել էլեկտրոնային կառավարման ծառայությունների թափանցիկությունը և հասարակական վերահսկողությունը, ապահովել ժամանակի և ծախսերի խնայողություն՝ ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար: Նույն ոգևորությամբ շարունակում ենք աշխատանքները տարբեր միջազգային նախագծերով, որոնց մասին կկիսվենք մոտապագայում»,- նշում է ընկերության գործառնական տնօրեն՝ Տաթևիկ Ավագյանը։
«Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգի» նպատակն է արդիականացնել
միջսահմանային ծառայությունների գործընթացը, պարզեցնել միջազգային առևտրի հետ կապված թույլտվությունների, լիցենզիաների, հավաստագրերի տրամադրումը, նվազեցնել պետական պաշտոնյաների և արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների միջև ուղղակի կապը։