Էդինբուգի լրատվամիջոցներն անդրադարձել են «Ցուրտ օր դժոխքում» ներկայացմանն ու հիացել Ներսես Ավետիսյանի խաղով
CultureԷդինբուրգի լրատավմիջոցներն անդրադարձել են ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Ցուրտ օր դժոխքում» ներկայացմանը, որն օրերս դերասան Ներսես Ավետիսյանը խաղացել է The Edinburgh Festival Fringe-ում՝ առաջին անգամ ներկայացնելով Հայաստանն այս փառատոնի շրջանակներում:

««Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը Հայաստանից Էդինբուրգ է բերվում Հայաստանի պետական երգի թատրոնի կողմից: Բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Այս հուզիչ մոնոներկայացումը պատմում է Չարլիի մասին, ում կինը ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կոմայի մեջ է ընկել: Պատմությունը շարունակվում է իրադարձությունից 6 ամիս անց, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է Չարլին հաղթահարում իր վիշտն ու զայրույթը աշխարհի նկատմամբ: Նա միացնում է տեսախցիկը՝ մտադիր լինելով խոստովանել վերջին գործողությունը՝ անջատել կնոջ կենսաապահովման սարքը և վերջ դնել իր կյանքին: Այնուամենայնիվ, գլխում այդքան շատ մտքերով և բարդություններով, արդյո՞ք նա երբևէ կհասցնի դա անել:
Ներսես Ավետիսյանը խաղում է Չարլիի դերը՝ ամբողջ ներկայացման ընթացքում ունենալով ֆանտաստիկ, անսպառ էներգիա։ Ներկայացման սկզբում հզոր շարժման տեսարանից մինչև Չարլիի բարոյական հարցադրումների մեջ խորը թափանցող Ավետիսյանը շատ դիտարժան և հետաքրքրաշարժ է։ Խոսելով իր մայրենի լեզվով՝ հայերենով և չնայած իր ուշադրությունը կենտրոնացնելով առջևի տեսախցիկի վրա, զգացողություն է ստեղծվում, որ նա անձամբ խոսում է յուրաքանչյուր հանդիսատեսի հետ։ Դրան մեծապես նպաստում է ռադիոմիկրոֆոնի օգտագործումը, որը թույլ է տալիս Ավետիսյանին ավելի հանգիստ խոսել, քան թատերական ներկայացումների մեծ մասում, բայց միևնույն ժամանակ լսելի լինել, ինչը ամբողջ պիեսին հաղորդում է իսկապես մտերմիկ զգացողություն։
«Ցուրտ օրը դժոխքում»-ը հետաքրքիր ներկայացում է, որը հիանալի զգացողություն է թողնում Էդինբուրգի «Ֆրինջ» փառատոնում։ Այն շատ մարդկային է թվում և հանդիսատեսի մոտ հարցեր է առաջացնում նույնիսկ դահլիճից դուրս գալուց հետո»,- գրել է North West End UK լրատվականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ HK Productions-ը Հայաստանի Երգի Պետական Թատրոնի հետ համատեղ առաջին անգամ ներկայացնելու է Հայաստանը աշխարհի ամենամեծ և հեղինակավոր թատերական փառատոնում՝ Edinburgh Festival Fringe 2025-ում։

«Երազանքն այլևս իրականություն է: Եվ մենք դա արեցինք պատվով»,- փառատոնից հետո ինստագրամյան իր էջում գրել է Երգի Պետական Թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը:
Edinburgh Festival Fringe 2025 փառատոնի շրջանակներում Ներսես Ավետիսյանը խաղացել է 9 ներկայացում՝ հիացնելով և՛ հայ և՛ միջազգային հանդիսատեսին:




