Քարտով վճարումը մերժվում է, քաղաքացին` մնում կանգառում, բայց փողը քաշում է. ահազանգ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջին անգամ չէ, որ իշխանության կայացրած որոշումները փակուղու առաջ են կանգնեցնում քաղաքացիներին։ Դեռ մի փոփոխությանը չհարմարված հասարակությունը ստիպված է արագորեն հարմարվել նոր իրավիճակներին՝ շատ հաճախ առանց նախապատրաստման։
Այդպիսի փոփոխություններից էր, օրինակ, հանրային տրանսպորտի համար նախատեսված QR թղթային տոմսերը շրջանառությունից դուրս բերելը։ Նոր կարգը նախատեսում է միայն էլեկտրոնային վճարումներ՝ բանկային քարտերով կամ TelCell հավելվածի միջոցով։ Սակայն քաղաքացիներն արդեն բախվում են այս համակարգերի անսարքությանը, ինչի հետևանքով որոշ դեպքերում տուժում են թե՛ ֆինանսապես, թե՛ ժամանակի առումով։ Քայքայված նյարդերի մասին էլ չենք խոսում:
MediaHub-ին դիմած քաղաքացիներից մեկը պատմեց իր հետ հանդիպած դժվարանությունների մասին։ Նրա խոսքով՝ փորձել է մետրոյում վճարում կատարել բանկային քարտով, սակայն համակարգը մի քանի անգամ մերժել է։
«Մի քանի անգամ փորձեցի, հաստատ հիշում էի, որ գումար կա քարտիս, բայց որ մի քանի անգամ մերժեց՝ սկսեցի կասկածել։ Բացեցի հավելվածը, տեսա անբավարար միջոցներ։ Հիշում էի՝ այլ տեղ վճարում չէի արել, էդպես կասկած ընկավ մեջս»,- նշեց մեր զրուցակիցը։
Քանի որ շտապում էր ու այլևս QR թղթային տոմսերը չեն գործում, որոշել է համալրել «Թել-Սել» հաշիվ, ինչը նույնպես չի հաջողվել։
«Քանի որ փակուղու առաջ էի հայտնվել ու չգիտեի՝ ինչ անել, որոշեցի բանկային հաշիվս լիցքավորեմ։ Լիցքավորեցի ու քանի որ այս անգամ վստահ էի՝ քարտիս կար գումար, որոշեցի նորից փորձել ու հասկանալ՝ խնդիրը ի՞մ մոտից էր, թե՞ համակարգից։ Արդյունքում գումարը նորից քաշեց, բայց նորից մերժեց»,- պատմեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ վերջում ստիպված է եղել բանկային քարտից լիցքավորել «Թել-Սել» դրամապանակը և այդպես գնել ուղետոմս։
Արդյունքում միայն «Թել-Սել» դրամապանակը լիցքավորելուց հետո է նրան հաջողվել գնել ուղետոմս։
TelCell ընկերության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը MediaHub-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը մեկնաբանեց հետևյալ կերպ․ «Համակարգը աշխատում է օֆլայն և այդ դեպքում վճարումները միանգամից չի կարդում»։
Ստացվում է, որ քաղաքացիները հայտնվում են լուրջ խնդրի առաջ՝ բախվելով մի համակարգի տեխնիկական անսարքությունների, որն այլընտրանք չունի։ Երբ վճարման մի եղանակ չի աշխատում, մյուսն էլ ժամանակավոր խափանում ունի, մարդիկ մնում են կանգառում կամ մետրոյի կայարանում՝ անվճարունակ, չնայած հաշվին առկա գումարին։
Հետևեք մեզ՝ այստեղ