Լուռ երկխոսություն վերակենդանացման բաժնում․ COVID-19-ով վարակված հայուհու պատմությունը
Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդանոց տեղափոխված հայուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է՝ ինչպես է հիվանդանոցում հայտնվել, արդյոք որևէ բան զգացել է կոմայի ժամանակ ու ի՞նչ է կատարվել վերակենդանացման բաժանմունքում։
49-ամյա Նազիկ Դավթյանին Մոսկվայում հիվանդանոց են տեղափոխել մարտի վերջին։ Միգրենի կասկածով հոսպիտալացումից հետո կնոջը արհեստական կոմայի մեջ են գցել։ Նա որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում է անցկացրել։
«Վերակենդանացման բաժանմունքում լռություն չկա, այնտեղ անդադար աղմուկ է։ Անընդհատ սարքերի ձայներ են լսվում, ոտնաձայներ են հնչում․բժիշկներն են, նրանք մշտապես հսկում են պացինետների առողջական վիճակը», – պատմում է կինը։
Հիվանդության պատմությունը
Դավթյանը գաղափար չունի՝ որտեղ և ումից կարող էր վարակվել կորոնավիրուսով․հանրային տրանսպորտից չի օգտվել, մարդաշատ վայրեր չի այցելել։ Աշխատանքի ոտքով է գնացել․5-7 րոպեի ճանապարհ է։
Կասկած առաջացրեցին մի քանի օր շարունակ չիջնող ջերմությունն ու գլխացավը։
Թերապևտը զննել է նրան ու ոչ մի արտասովոր բան չի նկատել։ Շտապօգնության բժիշկը նույնպես տարօրինակ ոչ մի բան չի հայտնաբերել ու հակաբիոտիկներ է նշանակել։ Մի քանի օր անց Նազիկը նորից է շտապօգնություն կանչել։ Նա պնդել է, որ իրեն հիվանդանոց տեղափոխեն ու նյարդաբանական բաժանմունքում պառկեցնեն։ Տարել են, հետազոտել, համակարգչային շերտագրություն են արել։ Հաջորդ օրը նա նորից իրեն վատ է զգացել ու կորցրել է գիտակցությունը։ Հենց այդ ժամանակ էլ բժիշկները նրան կոմայի մեջ են գցել։ Դավթյանը երկու շաբաթ անց է ուշքի եկել։
Գիտակցությունը կորցնելուց հետո կինը սկսել է խռխռացնել ու շնչահեղձ լինել, ինչը կորոնավիրուս ունենալու կասկած է առաջացրել։ Նրան շնչափողի ինտուբացիա են արել ու վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։ Covid-19 -ի թեստը դրական է եկել, բժիշկների կանխատեսումները լավատեսություն չեն ներշնչել։
Սակայն Դավթյանը կարողացել է իր մեջ ուժ գտնել ու դուրս գալ կոմայից։ Խոստովանում է, որ իրեն փրկել են երեխաների մասին մտքերն ու բժիշկների ջանքերը։
«Վերակենդանացման բաժանմունքում շատ հիվանդներ կային։ Նրանք վարագույրով էին իրարից բաժանված, ու ես տեսնում էի՝ ինչպես են բժիշկները պայքարում յուրաքանչյուրի կյանքի համար, ու բոլորին չէր, որ հաջողվում էր փրկել», – ասաց Դավթյանը։
Կյանքը «կորոնավիրուսային կոմայից» հետո
Կոմայից դուրս գալուց հետո կինը պարզեց, որ կորցրել է հոտառությունը, ու միայն մեկ շաբաթ անց առաջին անգամ զգաց ախտահանող միջոցների սուր հոտը։ Ի տարբերություն այլ վարակվածների, նա համային ռեցեպտորների հետ կապված խնդիր չուներ, բայց խախտվել էր շարժումների կոորդինացիան։ Դավթյանն ասում է, որ նույնիսկ շիշը չէր կարողանում բացել։
«Սկզբում ինձ թվում էր, որ հեշտությամբ եմ շնչում, իրականում միացված էի թոքերի արհեստական շնչառության սարքին, ու սարքն օգնում էր իմ՝ 75%-ով վնասված թոքերին», – ասաց Դավթյանը։
Այս ամենի հետո փոփոխություններ գրանցվել են նաև կնոջ մտածելակերպում։ Եթե նախկինում նա հավատում էր վարակի գոյությանը, սակայն կարծում էր, որ այն կշրջանցի իրեն, ապա հիմա բոլորին կոչ է անում հնարավորինս զգոն լինել։
Դավթյանը խոստովանում է, որ մինչ այս առանձնապես չի օգտվել կանխարգելիչ միջոցներից, բայց հիմա տանը մանրազնին ախտահանում են առարկաների մակերեսները, դիմակներ են դնում և այլն։ Ի դեպ, նա հասցրել է վարակել դստերն ու մորը, բայց նրանք ոտքի վրա են տարել հիվանդությունը։
Բարեբախտաբար, որդին խուսափել է վարակից, թեև կինը հենց նրան է ամենաշատը գրկել։
Այժմ Դավթյանը ստացիոնար բուժում է ստանում ու սպասում է Covid-19-ի հերթական թեստին։ Նա հույս ունի, որ պատասխանը բացասական կլինի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։