Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա
SocityԲաքվի դատարանը դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի գերիների ու պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ։ Ավելի քան 1 տարի 4 ամիս Բաքվի բանտում գտնվող Էրիկ Ղազարյանի կինը՝ Ալլան MediaHub-ին պատմեց իր սպասումների և այն մեծ հավատի մասին, որ Բաքվի դատարանն ազատ կարձակի ամուսնուն և Էրիկը հայրենիք կվերադառնա։
«Մեր աղջիկն ընդամենը 11 ամսական էր, երբ Էրիկը գերեվարվել է Արցախից։ Միլենան հիմա 2 տարեկան 3 ամսական է ու ամեն ինչ հասկանում է։ Շատ ենք կարոտում։ Հավատում եմ, որ անպայման կգա»,- ասաց կինը։
Երեկ՝ հունվարի 22-ին Էրիկը տուն է զանգահարել։ Ալլայի խոսքով՝ ամուսնու ձայնը վատ չի եղել, տրամադրությունը՝ ևս։ Նույն բանտախցում Էրիկի հետ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու Հադրութի շրջանի 30-ամյա բնակիչ Վասիլի Բեգլարյանն են։
«Դատավարության ընթացքում մի քանի կադրով տեսել եմ Էրիկին։ Չգիտեմ ինչպես նկարագրեմ զգացողություններս, բայց շատ եմ ուրախացել, որ վերջապես սկսվել է դատավարությունը։ Ընթացքից դեռ ոչինչ հայտնի չէ, միայն գիտեմ, որ սա վերջին ու որոշիչ դատն է, որը գուցե մի քանի ամիս կերկարաձգվի, բայց հավատում եմ, որ ամուսինս կմիանա մեր ընտանիքին»,- ասաց Ալլան։
Ալլան ամուսնուն փնտրել է մինչև հոկտեմբերի 5-ը։ Երբ վերջին ավտոբուսն ու մեքենաները Ստեփանակերտից Գորիս են հասել, այդ ժամանակ կինը հասկացել է, որ ամուսինը չկա։ Իսկ հետո ծնունդով Կապանից Էրիկ Ղազարյանի անունը հայտնվեց անհայտ կորածների ցուցակում։ Մինչ Ալլան ամուսնուն փնտրելու համար տարբեր կառույցների դռներ էր ծեծում, մեկ ամիս անց Կարմիր խաչի առաքելությունից նրան փոխանցեցին, որ Էրիկը գերության մեջ է...