Այսօր ավելի քան երկու հարյուր հիսուն պատվիրակներով բաց ու թափանցիկ պայմաններում քննարկում կիրականացնենք
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Նորընտիր Խորհրդարանի ձեւավորման կարեւոր գործընթացից առաջ այսօր՝ ընդամենը կես ժամ հետո, Շուշիի մշակույթի պալատում իմ գլխավորած դաշինքի անդամ կուսակցությունների պատասխանատուների մասնակցությամբ արտահերթ ընդլայնված նիստ ենք հրավիրել: Ավելի քան երկու հարյուր հիսուն պատվիրակներով բաց ու թափանցիկ պայմաններում քննարկում կիրականացնենք, ապա փակ գաղտնի քվեարկությամբ կորոշենք, թե «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորության մանդատ ստացածներից ովքեր են առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնի եւ մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի համար:
Սա մեր կողմից ներդրվող բոլորովին նոր քաղաքական մշակույթ է: Կարծում եմ՝ ժողովրդավարության հասունության աստիճանն Արցախում թույլ է տալիս մեզ նման համարձակ քայլ կատարել: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես ընդունում եմ կառավարման գործում սկզբունքային փոփոխությունների հանրային պահանջը՝ միանձնյա որոշումների, անձնական նախասիրությունների, այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած համակրանքի փոխարեն:
Արդյունքների մասին տեղյակ կպահենք նիստի ավարտից անմիջապես հետո»: