1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում
SocityԿառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց կարգավորելու նպատակով:
Ըստ հիմնավորման՝ 2024 թ. շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1941 թ. հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` Կառավարության սահմանած կարգով:
«ՀՀ 2025 թ. պետբյուջեի մասին» օրենքով սահմանվել է, որ ավանդի փոխհատուցման վճարումները պետք է շարունակվեն նաև 2025 թ.՝ փոխհատուցում տրամադրելով նաև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց: