Կառավարական զորքերն ու իրանամետ ուժերն առանց կռվի նահանջել են, պայթեցրել իրենց դիրքերը և հեռացել. Պուտինը Սիրիայում կատարվածից մանրամասներ է պատմել
InternationalՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղիղ կապի ժամանակ ասել է, որ դեռ չի հանդիպել Մոսկվայում գտնվող Բաշար ալ Ասադի հետ, սակայն մտադիր է դա անել։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Ես դեռ չեմ հանդիպել նախագահ Ասադի հետ նրա ժամանումից հետո, բայց ծրագրում եմ դա անել», - ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Խոսելով Սիրիայում իշխանությունը գրավելու մասին՝ ՌԴ նախագահը պատմել է, որ երբ զինված ընդդիմադիր խմբավորումը մոտեցել է Հալեպին, քաղաքը պաշտպանելիս է եղել մոտ 30,000 մարդ։
«Քաղաք է մտել 350 գրոհային: Կառավարական զորքերը, իսկ նրանց հետ նաև իրանամետ ստորաբաժանումները նահանջեցին առանց կռվի, պայթեցրին իրենց դիրքերը և հեռացան, և գրեթե նույնը, հաշվի չառնելով փոքր բացառությունները, երբ եղան ինչ-որ բախումներ, կատարվեց Սիրիայի ամբողջ տարածքում»,- ասել է ՌԴ նախագահը։
Այնուհետև, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նա հավելել է, որ Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո Ռուսաստանի Դաշնությունը «Հմեյմիմ» ռազմաբազայից Թեհրան է տեղափոխել իրանցի 4,000 մարտիկի։
«Եթե նախկինում, ասենք, մեր նույն իրանցի ընկերները խնդրում էին մեզ օգնել իրենց ստորաբաժանումները տեղափոխել սիրիական տարածք, ապա այս անգամ նրանք մեզ խնդրեցին դուրս բերել նրանց այնտեղից։ 4,000 իրանցի մարտիկի «Հմեյմիմ» բազայից տեղափոխեցինք Թեհրան»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ իրանամետ ստորաբաժանումների մի մասը գնացել է Լիբանան, իսկ մի մասը՝ Իրաք։
Պուտինը նաև հավելել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական շահառուն Իսրայելն է:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Իսրայելը ոչ միայն չի պատրաստվում լքել Սիրիայի տարածքը, այլև պատրաստվում է ամրապնդվել այնտեղ: Ռուսաստանը դատապարտում է սիրիական ցանկացած տարածքի գրավումը», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև մեկնաբանել է Սիրիայում ռուսական ռազմաբազաների պահպանման հնարավորությունը։
«Մենք հարաբերություններ ենք պահպանում այնտեղ տիրող իրավիճակը վերահսկող բոլոր խմբերի հետ, տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նրանց ճնշող մեծամասնությունը մեզ ասում է, որ իրենց կհետաքրքրի, որ Սիրիայում մեր ռազմաբազաները մնան։ Չգիտեմ, մենք պետք է մտածենք սրա մասին, քանի որ մենք ինքներս պետք է որոշենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերություններն այն քաղաքական ուժերի հետ, որոնք այժմ վերահսկում են և ապագայում կվերահսկեն իրավիճակը այս երկրում»,- ասել է նա։