Կարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովից
SocityԵգիպտոսի փրկարարները նոյեմբերի 26-ին Կարմիր ծովում փրկարարական գործողության ընթացքում գտել են խորտակված նավից ևս 5 ողջ մնացածի, ինչպես նաև 4 հոգու մարմին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Sea Story նավը, որում եղել է 44 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 13 անդամ, 5-օրյա ջրասուզման ուղևորության էր մեկնել նոյեմբերի 24-ին և պետք է Հուրգադա վերադառնար նոյեմբերի 29-ին։ Այն նոյեմբերի 25-ին խորտակվել էր Մարսա Ալամ քաղաքի մոտ։ Խորտակմանը հաջորդող ժամերի ընթացքում նավից փրկվել էր 28 մարդ։
Վերջին փրկվածների հետ միասին փրկվածների ընդհանուր թիվը հասել է 33-ի։ 7 մարդ դեռ անհետ կորած է։
Տեղի իշխանությունները հայտնել էին, որ ըստ նախնական տվյալների՝ նավին հարվածել է խոշոր ալիք, և այն 5-7 րոպեի ընթացքում կողաշրջվել է։
Նավում եղել են ամերիկացի, բելգիացի, բրիտանացի, չինացի, ֆինն, գերմանացի, լեհ, սլովակ, իսպանացի և շվեյցարացի զբոսաշրջիկներ։