ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից
PoliticsԼեհաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Անջեյ Դուդան առանձնազրույց է ունենալու նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։ Սպասվում են նաև Լեհաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Դուդան կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լեհաստանի նախագահի այցի ամենաուշագրավ դրվագը նոյեմբերի 27-ին նախատեսված Երասխ այցելությունն է։ Դուդան անձամբ է մասնակցելու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
Այդկերպ, ԵՄ առաջատար երկրներից մեկի նախագահն ընդգծում է Եվրոպական դիտորդական առաքելության կարևորությունը։ Իսկ դա այսօր ավելի քան անհրաժեշտ է, հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինի եթերում արած վտանգավոր հայտարարություններից հետո։ Նախօրեին Փաշինյանը խոստովանել էր, որ ՀՀ տարածքում ԵՄ դիտորդների ներկայության հարցը քննարկում է Ադրբեջանի հետ։ Ավելին, հայկական կողմը պատրաստ է դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։ «Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ, ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես»,- նկատել էր Փաշինյանը։
Դիտորդներին Հայաստանում տեղակայելը ԵՄ համար առանցքային քայլ է՝ սեփական ազդեցությունը տարածաշրջանում ավելացնելու համար, և Փաշինյանի խոսքերը ռեալ վտանգ են եվրոպական շահերին։
Ուշագրավ էր մեկ այլ եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի դեսպանի արձագանքը, «Արևմտյան Ադրբեջանի» մասին Փաշինյանի խոսքերին։ Օլիվիե Դըկոտինյին հրապարակել էր Իրանի քարտեզը՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի ընդգծումով, և գրել էր. «Միակն ու անկրկնելին»։ Ֆրանսիայի դեսպանի այս «ապտակը» ուղղված էր հենց Նիկոլ Փաշինյանին, ասես հորդոր էր չմտնել վտանգավոր և անհեթեթ դիսկուրսի մեջ։
Հայկուհի Փափազյան