Իննա Խոջամիրյանն ու Զիրոյանը` ամուսիններ
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը շուտով կներկայանա իր համար նոր ձևաչափում. նա իր մասնակցությունն ունի «Վիտամին» փրոդաքշընի նոր՝ Whywomenswomens նախագծում:
Tert.am Life-ի հետ զրույցում Իննան խոստովանել է, որ նոր ձևաչափում ներկայանալը փոքր-ինչ ռիսկային է:
«Ցանկացած նոր բան միանշանակ ռիսկային է: Ինձ համար աշխատանքային ոլորտում նոր ժանրը նոր տրամպլին է, որը պիտի կարողանամ հաղթահարել, այն էլ` պատվով: Բացարձակապես չեմ առնչվել ժանրին նախկինում, Անհանգստանում եմ շատ, միևնույն ժամանակ, անհամբեր եմ:
Ուզում եմ կողքից տեսնել՝ ինչ է ստացվել: Գործող գլխավոր 4 հերոսներից մեկին եմ մարմնավորում: Գունեղ, կենսուրախ, բամբակ-զանգակ աղջկա եմ խաղում, որին միանգամից շատ եմ սիրել»,- ասաց նա:
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհին արտաքին փոփոխության է դիմել, պատճառն այս նախագիծն է:
«Արտաքին փոփոխությունների որոշումը նախագծի դիզայներ, ոճաբան Արայիկ Գաբաջյանինն է: Ամեն դետալ մանրամասն քննարկել ենք, Արայիկը ևս շատ օգնեց կերպարիս կոնստրուկցիան ստեղծելիս, ստեղծած նոր կաղապարի մեջ ինձ ուրիշ մարդ եմ զգում»,- ասաց Իննան:
Իննայի կերպարային գիծը Զիրոյանի հետ, որի հետ նրանց իրական կյանքում էլ սիրավեպ են վերագրում. «Ես և Զիրոյանը ամուսինների ենք մարմնավորում: Կենսուրախ, թեթև, հումորային զույգ է: Ավելին` կվախենամ մանրամասնել, գուցե սցենարային սփոյլ լինի: Բան չմնաց, շուտով կարելի է արդեն դիտել»:
Այն շրջանակներում, որտեղ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իննան ներգրավվել է «Վիտամինի» նոր նախագծում, արդեն սկսել են քննարկումներ, որ Զիրոյանն է նրա համար ճանապարհ հարթել դեպի Whywomenswomens, քանի որ նա այս թիմում ավելի վաղուց էր
Իննան ժպիտով արձագանքեց այս քննարկումներին.
«Հուրախություն, թե ցավոք, չգիտեմ, բայց նման խոսակցություններ չեմ լսել: Մի շատ կարևոր փաստ կա, որն անհրաժեշտ է հաշվի առնել, և որը միշտ անտեսվում է հայ «քննարկիչմերի» կողմից: Նման նախագծերում կա ռեժիսոր, ով դերասանի մեջ առնվազն պիտի պոտենցիալ տեսնի միասին աշխատելու, ի վերջո, կա պրոդյուսեր, որն այս հիերարխիայի գլխին է, ով կամ կտանի քեզ նախագիծ, կամ ոչ: Եվ կա երկրորդ կարևոր փաստը. Զիրոյանը վաղուց womens club-ի թիմում է, իսկ այս նախագիծը womens club-ը չէ: Իսկ առհասարակ, եթե էդպես հեշտ լիներ դերասանի համար «մարդ բերել» նախագիծ, հորեղբորս աղջկան վաղուց սերիալ կտանեի, շատ տաղանդավոր ու ճարպիկ է»:
Women’s club-ի թիմի անդամներին Իննան ծանոթ է եղել, թեև նրանց հետ աշխատելու առիթ չի ունեցել: Նրա խոսքով՝ Women’s club-ն իր տեսած թերևս ամենահամերաշխ թիմով նախագծերից է:
Իսկ ահա առաջին նկարահանումներից առաջ Իննան բավականին լարված է եղել: «Առաջին նկարահանումները հենց իմ տեսարաններով սկսվեցին: Անձնակազմին մեծապես ճանաչում էի, բայց չէի աշխատել երբևէ: Այնպես էի լարվել, կարծես կյանքումս առաջին անգամ էի նկարահանման հրապարակում:
Գուցե նոր մթնոլորտն ու ժանրն էին պատճառը, գուցե դրան գումարվեց շուրջ 3 ամսվա աշխատանքային դադարս ու եթերային ռեգրեսսը: Ինտենսիվ աշխատում ենք ռեժիսորի հետ, ինձ համար նորույթ էր, որ սցենարիստներից մեկը նկարահանման հրապարակում ներկա է. օգնում է ճիշտ բացել հումորային տեքստերն ու գրվածին համապատասխան երանգ տալ դրանց: Մի խոսքով՝ ինչպես ասում են ` Աստված շատ չհամարի, սկիզբս խոստումնալից է»,- ժպիտով ու ոգևորությամբ ասաց Իննան: