Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին
PoliticsԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։
Նա ավելի վաղ՝ նոյեմբերի 19-ին, հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ դադարեցնում է պատգամավորական լիազորությունները:
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ միջադեպից հետո Զեյնալյանը կոշտ քննադատության էր ենթարկել Քյարամյանին՝ նշելով, որ որեւէ պաշտոնյա չի կարող նման տոնով խոսել ԱԺ պատգամավորների հետ:
Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է՝ «Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ»։
Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: