Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր (տեսանյութ)
RightՎերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր հասցեներում ապօրինի, առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում և ակցիզավորում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, որոնք նաև իրացնում են: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Առաջին տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 15-ին այցելեցին Գյումրիի բնակիչ 31 և 32 տարեկան տղամարդկանց վարձակալած տարածք: Հայտնաբերվեցին տարբեր տարողութան 439 լցված շիշ, օղու 1400 դատարկ շիշ, 4 արկղ շշի խցան, 200 լիտրանոց և 5 լիտրանոց պլաստիկ երկու տարա` լցված սպիրտի հոտով հեղուկով:
Երիտասարդներն ընդունել են, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում են խմիչքների պատրաստմամբ և իրացմամբ:
Նույն օրը նմանատիպ մեկ այլ տեղեկության հետքով քրեական հետախույզները մեկնեցին Գյումրու Օստրովսկու փողոց: Այստեղ էլ հայտնաբերվել են օղու և կոնյակի տարբեր մակնշումներով լցված շշեր, նաև մեծ քանակությամբ օղու և կոնյակի դատարկ շշեր:
Այս դեպքում ևս տանտերն ընդունել է մեղքը:
Շիրակի քրեական ոստիկանների նմանատիպ հաջորդ միջոցառումը նոյեմբերի 18-ին էր: Առավոտյան մեկնելով Գյումրու Ղորղանյան փողոցի տներից մեկը` իրավապահները հայտնաբերեցին շշալցված տարատեսակ կեղծ օղիներ, խցաններ ու դատարկ շշեր, նաև տարբեր քանակությամբ կոնյակ, օղի և օղու սպիրտ:
Այս դեպքում ևս տանտերը հայտնել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվել է ալկոհոլային կեղծ խմիչքների պատրաստմամբ, շշալցմամբ, ակցիզավորմամբ ու վաճառքով:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: