Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է
PoliticsՕրերս կառավարությունում տեղի ունեցած աղմկոտ նիստից ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, թե «իր համբերության բաժակը լցվել է», երեկ ուշ երեկոյան տեղեկություններ սկսեցին շրջանառվել, թե Փաշինյանը պաշտոնազրկել է Ներքին գործերի և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին։ Հաղորդվեց, որ երկու պատգամավոր էլ՝ Նարեկ Զեյնալյանն ու Հովիկ Աղազարյանը վայր են դնելու մանդատները։
Փաշինյանը բոլոր պաշտոնազրկվածներին այդ մասին տեղեկացրել է հաղորդագրություններով։ Պաշտոնանկություների այս շքերթը ցնցումներ է առաջացրել «Քաղպայմանագրի» շարքերում, որոշները նույնիսկ կեսգիշերին մոտ գնացել էին ՔՊ գրասենյակ՝ հասնակալու, թե ինչ է կատարվում։ Սոցցանցերում էլ բազմաթիվ ենթադրություններ էին հնչում, մեկը մեկից ֆանտաստիկ ու իրականությունից կտրված, դավադրապաշտության բոլոր կանոնների համաձայն։
Նիկոլ Փաշինյանը սափրվելուց հետո փորձում է այլ տրամաբանությամբ գործել և դա լիովին արտահերթ ընտրությունների տրամաբանության մեջ է։ Հասկանալով, որ այս թիմով երկար ձգել չի կարող, Փաշինյանը կրկին փորձում է շահագործել հին տաշտակը, ներկայանալ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, որը չի խնայում անգամ մտերիմներին։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնից զրկվողների թիվն ավելի մեծ է լինելու, նաև ԱԱԾ ու Գլխավոր դատախազության հետ համատեղ քրեական վարույթներ են հարուցվելու տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ։ Դրանցից մեկը, ի դեպ, վերաբերում է Երևանի ՋԷԿ-ին, որտեղ լուրջ խախտումներ են հայտնաբերվել, երբ ՋԷԿ փոխտնօրեն է նշանակվել Փաշինյանի նախկին թիկնապահ, ԱԱԾ գեներալ Սարգիս Հովհաննիսյանը։
Նարինե Մկրտումյան