Կանաչ գոտի և ծառատունկ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. Զապորոժիեի հայերի միության նախագահը նպատակ ունի 5000 ծառ տնկել
VideosՈւկրաինայի Զապորոժիեի հայերի միության նախագահ Արտաշես Սարգսյանն ու նրա փոքրիկ որդին՝ Արենը, Ծիծեռնակաբերդի մշտական այցելուներն են։ Նրանք գալիս են այստեղ, գլուխ խոնարհում 1915 թ․ Ցեղասպանության զոհերի հիշատակին, պտտվում տարածքում։ Տարիներ առաջ, երբ Արտաշես Սարգսյանն ապրում էր Ուկրաինայում, կնոջ հետ պայմանավորվեց, որ եթե իրենց երրորդ երեխան տղա ծնվի, ապա մշտական բնակության կտեղափոխվեն Երևան։ Այդպես էլ եղավ․ նրանք տեղափոխվեցին հայրենիք։ Ամեն անգամ, երբ գալիս էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, փոքրիկ Արենը սկսում էր հողերի հետ խաղալ։ Դա էլ պատճառ դարձավ, որ Արտաշեսն այս տարածքում եղևնի տնկի։
«Մի տարեկան էր՝ որոշեցինք տեղափոխվել Հայաստան։ Ամեն օր երեխային բերում էինք այստեղ, որոշեցինք ծառ տնկել, Ուկրաինայի Զապորոժիեի համայնքի ղեկավարն եմ, և ահակին գործեր ունեմ արած թե´ Ցեղասպանության թեմայի վերաբերյալ, և թե´ հայապահպանության մասով․ ինձ տեղ տվեցին, որ ծառ տնկեմ»,-նշեց նա։
Արտաշես Սարգսյանն ասում է՝ հենց այստեղից էլ ծնվեց մի նոր գաղափար՝ ևս 5000 ծառ տնկել հուշահամալիրի հարակից տարածքում։ Սկզբում Արտաշես Սարգսյանը որոշ քանակի եղևնիներ տնկեց, ոռոգման կաթիլային համակարգ ներդրեց, սակայն, քանի որ ջուրը հոսում էր Արտեզյան ջրամբարից և առկա էին ավազահատիկներ, կաթիլային համակարգը չաշխատեց և շատ ծառեր պարզապես չորացան, սակայն դա չխանգարեց նրան իր նպատակին հասնելու այլ տարբերակներ գտնել և նոր տնկիներ տնկել։
«Կոչ եմ անում բոլորին գան, մասնակցեն, մենք բոլորս պիտի համախմբվենք մեր պետության, մեր պետականության շուրջ»,-նշեց Արտաշես Սարգսյանը։
Ծիծեռնակաբերդի բարձունքի կանաչապատման ծրագրի մեկնարկը տրված է։ Նպատակը հետագայում հուշահամալիրը շրջապատող բլուրները ևս ամբողջությամբ եղևնիներով պատելն է, ազգային պարկ ստեղծելը, որի կանաչապատմանը կարող է մասնակցություն ունենալ յուրաքանչյուրը։ Այս կարևոր նախաձեռնությանն արդեն իսկ միացել են տարբեր երկրների հայերի միությունների ներկայացուցիչներ, անհատներ։
Մանրամասները՝ տեսանյութում։