Այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը
SocityԱյսօրվանից Երևանի հանրային տրանսպորտից` MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Վարորդներն այսօրվանից ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանր չեն վերադարձնելու։
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ նման որոշում է կայացրել նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելու համար։ Նաև այդպես նպատակ ունեն վարորդներին իրենց հիմնական գործից չշեղել։ Ըստ քաղաքապետարանի` նման փորձը կնախապատրաստի քաղաքացիներին հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին ավելի սահուն անցնելուն։ Սակայն ինչպես ցույց է տալիս Երևանի մետրոպոլիտենի փորձը, հնարավոր խնդիրներից խուսափելը դժվար կլինի։ Հոկտեմբերի 1–ից Երևանի մետրոպոլիտենում վճարումն արվում է ոչ թե ժետոնով, այլ QR կոդով, ինչը հերթերի պատճառ է դառնում տարբեր կայարաններում։ Բացի այդ, մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված «TelCell» տերմինալներում հաճախ թուղթ չի լինում, վալիդատորները երբեմն չեն կարդում QR կոդը, տերմինալից 5-10 QR կոդով տոմս գնելը հարմար չէ, քանի որ կտրոնների ներկը ջնջվում է, թուղթը՝ ճմրթվում։
Հավելենք, որ «TelCell»–ը Երևանի տրանսպորտային համակարգը կսպասարկի 5 տարի, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։