ԱրարատԲանկը՝ Մատենադարանի նոր լաբորատորիայի և սեմինարի հովանավոր
SocityՄեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը նշեց երկու կարևոր իրադարձություն ԱրարատԲանկի աջակցությամբ՝ նոր կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի բացումը և միջազգային սեմինարի անցկացումը:
Հոկտեմբերի 11-ին Մատենադարանում տեղի ունեցավ ԱրարատԲանկի կողմից ֆինանսավորված կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը: Այս նորագույն հաստատությունը նոր որակական մակարդակի է բարձրացնելու Մատենադարանի ձեռագրերի վերականգնման կարողությունները և էապես նպաստելու է նոր ծրագրերի իրականացմանը: Լաբորատորիան կարևոր դեր է խաղալու աշխարհասփյուռ հոգևոր կենտրոնների ձեռագրական հավաքածուների վերականգնման գործում, ինչը Մատենադարանի առաջնահերթ ծրագրերից մեկն է:
ԱրարատԲանկի աջակցությունը չի սահմանափակվել միայն լաբորատորիայի ֆինանսավորմամբ: Բանկը նաև համաֆինանսավորել է հոկտեմբերի 9-11-ը Մատենադարանում տեղի ունեցած «Հիշողության կերպարանքներ» 13-րդ ամենամյա միջազգային գիտագործնական սեմինարը:
Սեմինարը մեկ հարկի տակ է հավաքել ոլորտի առաջատար փորձագետների, ձեռագրագետների, գիտնականների և վերականգնողների աշխարհի տարբեր անկյուններից՝ ներառյալ Իտալիա, Հունաստան, Լիտվա, Հնդկաստան, Կատար, Ղազախստան, Եթովպիա, Ֆրանսիա, Բելգիա, Մոլդովա և Վրաստան: Մասնակիցները հանդես են եկել թեմատիկ զեկույցներով և անցկացրել վարպետության դասեր Մատենադարանի վերականգնման լաբորատորիայում:
Քառօրյա սեմինարի շրջանակներում քննարկվեl են հետևյալ թեմաները.
- Գրավոր ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտի կառավարման միջազգային փորձը
- Գրավոր ժառանգության վերականգնման և պահպանության վավերագրման մեթոդները։ Պահպանության եվրոպական օրենսդրությունը
- Վերականգնման և պահպանության արդյունավետ օրինակներ և մեթոդներ
- Բարձրագույն կրթությունը գրավոր ժառանգության վերականգնման և պահպանության ոլորտում
- Ձեռագրերի որոշ բաղադրիչների վերլուծություն․հաջողված վերականգնման օրինակներ
Միջոցառման շրջանակներում բացվեց «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին վերականգնված նմուշներ ոչ միայն Մատենադարանից, այլև Հայաստանի այլ ցուցասրահներից:
Բացման արարողություններին ելույթներով հանդես եկան ԱրարատԲանկի խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, ԱրարատԲանկի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Մհեր Անանյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Այս նախաձեռնությունները նշանակալի քայլ դարձան Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրման գործում, ինչպես նաև միջազգային գիտական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռագրերի վերականգնման և պահպանման ոլորտում: