«Դոմուսը» հրդեհի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել
SocityՍույն թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 12։55-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 31 հասցեում տեղակայված՝ «Դոմուս» ՓԲԸ-ի կողմից վարձակալված, խանութ-սրահում բռնկվել է հրդեհ։
Աշխատել է հրդեհի ազդանշման համակարգը, և ընկերության անվտանգության ու այլ աշխատակիցները հրատապ գործողություններ են կատարել տեղում առկա հրդեհային անվտանգության միջոցների կիրառմամբ՝ հրդեհը մարելու համար, սակայն, այն զարգացել է կայծակնային արագությամբ՝ պարուրելով խանութ-սրահի ողջ տարածքը։
Հրդեհի արագ տարածման պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է տարածքի ներքին երեսպատման նյութերի դյուրավառությունը։ Հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ, այն պետք է հաստատվի հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Այդուհանդերձ, «Դոմուս» ՓԲԸ-ի ականատես աշխատակիցների դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ, հրդեհն առաջացել է էներգամատակարարման հանգույցից, որը միացված էր ընկերության վարձակալության առարկան չհանդիսացող՝ շենքի տանիքում տեղակայված արևային կայանին, էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների և վարկածների հետ կապված, հղում ենք մեր հորդորը՝ ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց, այդ թվում՝ «Դոմուս» խանութ սրահում հրդեհային անվտանգության միջոցների բացակայության վերաբերյալ։ Այդպիսի միջոցներ առկա եղել են, սակայն, դրանք բավարար չեն եղել աղետը կանխելու և արագ վերացնելու համար։ Հարկ է նաև նշել, որ ՀՀ Քաղշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից նշված խանութ-սրահում «Դոմուս» ՓԲԸ-ի վարձակալության ժամանակահատվածում երբևէ չեն արձանագրվել հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ։
«Դոմուս» ՓԲԸ-ն բավարարվածությամբ ցանկանում է միայն արձանագրել, որ հնարավոր է եղել ընկերության աշխատակիցներին, հաճախորդներին և խանութ-սրահում գտնված այլ անձանց արագ տարհանել հրդեհի վայրից, և որևէ պատահարներ՝ կապված նրանց կյանքի և առողջության հետ, չեն արձանագրվել։ Հրդեհի վնասի ծավալները դեռևս գնահատվում են, որոնք, սակայն, ընդամենը նյութական են։