Միշուստինին ուղարկում են պատասխանների ետևից
PoliticsՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վաղն աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Ռուսաստանի վարչապետի գրասենյակից հայտնում են, թե Միշուստինը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստերին։ Նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի իր գործընկերների հետ Միշուստինը կքննարկի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները»։
Մինչ Երևան այցելելը Միշուստինը գտնվելու է Իրանում, որտեղ այսօր կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին։ Մոսկվան խստորեն դատապարտել է Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա»-ի զինյալների վրա Իսրայելի հարձակումները: Իսրայելի վերջին հարձակումներն ու «Հեզբելա»-ի առաջնորդներից Հասան Նասրալայի սպանությունը փոխել են իրերի դրությունը տարածաշրջանում, ընդհուպ մոտեցնելով ռազմական էսկալացիայի հավանականությունը։
Հայաստանն այս պայմաններում դժվար թե կարողանա խուսանավել, վաղ թե ուշ կանգնելու է երկընտրանքի առաջ։ Հատկապես, որ արևմտյան և արևելյան հարևանները ցանկանում են ոչնչացնել ՀՀ-ն, Ռուսաստանն ու Իրանը տարբեր հարցերում ընդհանուր դիրքորոշումներ ունեն, իսկ Վրաստանը գնում է Արևմուտքից պոկվելու, ՌԴ հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով։
Փաշինյանը, ըստ էության, «բալանսավորման» քաղաքականության մասին հայտարարելով, փորձում է խուսանավել ստեղծված իրավիճակում։ Միշուստինը, թերևս, Փեզեշքիանի հետ հանդիպումից հետո նորություններով կայցելի Երևան, նաև կփորձի պարզել, թե, ի վերջո, ո՞ւմ հետ է իրեն պատկերացնում ՀՀ գործող իշխանությունը։
Անի Ղուկասյան