Ի՞նչ դիրքեր ունեն արտադրողները, և ինչի՞ մասին են վկայում նրանց ցուցանիշները. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» հետ զրույցներում շատ տնտեսագետներ ոչ մեկ անգամ շեշտել են, որ Հայաստանի տնտեսության իրական վիճակի առումով յուրօրինակ բնութագրիչ է այն հանգամանքը, թե ինչ դիրք ունեն արտադրողները խոշոր հարկատուների ցանկում:
Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում հատկապես վերջին տարիներին առաջատար դիրքերում են վառելիք, տեխնիկա, մթերք ներմուծող-վաճառողները, բանկերը: Նույնը վերաբերում է 2024 թ. առաջին կիսամյակի ցանկին: Ինչ վերաբերում է արտադրողներին, ապա այս տարվա հունվար-հունիսի տվյալներով, նրանք լավագույն հիսնյակում ընդամենը 8-ն են, իսկ հարյուրյակում, ինչպես և նախորդ առնվազն երկու տարում, նրանց թիվը չի անցնում մեկուկես տասնյակը:
Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ արտադրողների պարագայում նկատի չի առնվել հանքարդյունաբերությունը, քանի որ այս ոլորտի առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մրցակցությունից դուրս է ոչ միայն հանքարդյունաբերության մեջ, այլև ընդհանրապես. ԶՊՄԿ-ն տարիներ շարունակ գլխավորում է Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը:
Արտադրողների մեջ ամենաբարձր դիրքերում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որն ընդհանուր ցանկում չորրորդ հորիզոնականում է: Հաջորդը նույն հոլդինգի մեջ մտնող «Ինթերնեյշնլ Մասիս տաբակն» է. այս ընկերությունը ցանկում 11-րդ հորիզոնականում է: Արտադրողների «լավագույն եռյակը» եզրափակում է «Կոկա-կոլա» ընկերությունը՝ ցուցակում զբաղեցնելով 25րդ հորիզոնականը: Ընդ որում, եթե առաջինը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը 1 հորիզոնականով, իսկ երրորդը՝ երկու, ապա «Կոկա-կոլան» բարելավել է դիրքերը 7 հորիզոնականով:
2024 թ. առաջին կիսամյակի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենամեծ առաջընթացը գրանցել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Սիգարոն» ընկերությունը և մսամթերքի ոլորտի միանձնյա առաջատար «Աթենք» ընկերությունը. առաջինը ՝ 23 տեղով, երկրորդը՝ 36: Ընդ որում, վերջինս իր ոլորտի միակ ներկայացուցիչն է ոչ միայն հիսնյակում, այլև հարյուրյակում: Ի դեպ, հավելենք, որ վերջերս «Աթենքը» նոր մրցանակի է արժանացել. այս ընկերությանը շնորհվել է «Սպառողի քվե» մրցանակը:
Հավելենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առաջընթաց են գրանցել նաև հիսնյակում ընդգրկված «Գրանդ մաստերը»՝ 10 հորիզոնականով, «Արարատցեմենտը»՝ 7 հորիզոնականով, «Գրանդ քենդին»՝ 3 հորիզոնականով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում