Պուտինի այցից հետո Հայաստանը զգուշացումներ է ստանում Մոսկվայից
PoliticsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցից հետո սպասելի էր, որ Մոսկվայից դեղին քարտեր են ցույց տալու ՀՀ իշխանություններին։ Ամրապնդելով իր ներկայությունը տարածաշրջանում, այն էլ՝ Ադրբեջանի միջոցով, Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ՀՀ իշխանությունների քայլերին։ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել է, թե Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով, որոնք միայն ներդրումներ և «լուսավոր ապագա» են խոստանում, իսկ թե ինչ է ստացվում դրանից, բոլորը շատ լավ գիտեն։
«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը դիտարկելու համար պետք չէ տնտեսության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ լինել. մեծ մասամբ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ»,– ասել է նա:
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձենալու հայաստանյան ձգտումը՝ դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանն ընկել է ներդրումներ ու տեխնոլոգիաներ խոստացող Արևմուտքի ծուղակը։
Երեկ էլ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր բաց տեքստով Երևանին մեղադրել Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ՝ նշելով, թե այն դժվար է հասկանալ:
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», - ասել էր Լավրովը։
Հայաստանի նկատմամբ ռուսական ճնշումների մեջ առաջնային գործիքներից մեկն էլ տնտեսականն է։ Եվ հենց այսօր հայտնի է դարձել, որ ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում դեպի ՌԴ Հայաստանի արտահանման առաջնային կետերից մեկի՝ կոնյակի դեմ։ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ ասվում է, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90 %-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Պնդում են, թե ուսումնասիրության համար ձեռք է բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքային նշանի 200 նմուշ:
Արտադրանքը ձեռք է բերվել Ռուսաստանի տարբեր առևտրային ցանցերից և ուղարկվել է Գարեջրի, ոչ ալկոհոլային և գինու արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա: Թեստավորման արդյունքներով խախտումներ են հայտնաբերվել 177 նմուշներում, ինչը կազմում է ընդհանուրի 89 %-ը: Արտադրանքի գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ, ինչը հակասում է կոնյակի չափանիշներին։ Միայն 23 նմուշ է լիովին համապատասխանել նորմերին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը:
Ըստ էության, կոնյակի արտահանման դեմ առաջիկայում կարող են խնդիրներ ծագել, և հարցն ամենևին էլ տնտեսական կամ սանիտարական չէ։ Պատժամիջոցները, սովորաբար, պայմանավորված են քաղաքական գործոններով։
Արմինե Միքայելյան