Կնոջ ութ հազար տարեկան արձան է հայտնաբերվել
CultureԺամանակակից Թուրքիայի տարածքում՝ այդ երկրի արեւմտյան հատվածում գտնվող Ուլուջակ-Հյույուկ հնավայրի տարածքում հայտնաբերվել է կնոջ ութ հազար տարեկան արձան։ Նմանատիպ այլ արձաններից այն տարբերվում է նրանով, որ պատկերված է նաեւ արձանի բերանը։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը։ Ուլուջակ-Հյույուկը համարվում է աշխարհի ամենահին բնակավայրերից մեկը։ Այն առաջացել է նեոլիթի կամ նոր քարե դարի ժամանակներում առաջին հողագործների կողմից։ Այդ ժամանակ մարդիկ անցում էին կատարում նստակեցության։ Արագ զարգանում էր կերամիկան եւ գյուղատնտեսությունը։
Արդյունքում տեղի է ունենում նեոլիթյան հեղափոխությունը՝ յուրացնող տնտեսությունից մարդն անցում է կատարում արտադրող տնտեսության։ Արձանիկը հնարավոր է, որ ունեցել է ծիսական նշանակություն եւ մաս է կազմել ութ հազար տարվա վաղեմության ծիսական արարողությունների, որոնք կապ են ունեցել առատության եւ պտղաբերության հետ։ Կնոջ արձանիկի բարձրությունը 8-10 սմ է։ Այն կավե է։ Այդ շրջանում վեցերորդ նմանատիպ արձանիկն է հայտնաբերվում։